![]()
«Չե՞ք ընդունում, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ է, և Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետ է, իսկ նախագահն էլ օֆիսային աշխատող է: Այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողը նման հարց տվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: Վերջինը խնդրեց զերծ մնալ նախագահի հասցեին նման արտահայտություններ անելուց: Լրագրողն էլ հակադարձեց, որ ինքը պարզապես մեջբերում է վարչապետի խոսքերը:
«Լավ եք անում, բայց կոչ եմ անում զերծ մնալ նման բաներից, որովհետև նախագահն իրականացնում է իր լիազորությունները Սահմանադրությունով, և դա անում է լավ: Իր անձի և աշխատանքի հետ կապված շատ ուրախ եմ, որ նման նախագահ ունենք», – ասաց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է սուպերվարչապետությանը, ապա, ըստ ԱԺ փոխխոսնակի, այդ ուղղությամբ քայլեր արվում են:
«Մենք գնալով հնարավորինս նվազեցնում ենք, քչացնում ենք, դրանով հանդերձ Նիկոլ Փաշինյանը փողոցում էլ արդեն իսկ սուպերվարչապետ է, իրեն պետք չէ լիազորություններով ֆիքսել որպես սուպերվարչապետ: Այն լիազորությունները, վերաբերմունքը, վարկանիշը, մարդկանց վստահությունը, որ ունի, առանց այդ էլ ուժեղ դիրքերում է»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Այն հարցին, թե ի՞նչ են արել լիազորությունները կրճատելու համար, որպես օրինակ, Ալեն Սիմոնյանը նշեց նախագահական պալատը նախագահին վերադարձնելու փաստը, որը կարող էր վարչապետական 2-րդ կամ 3-րդ օֆիսի վերածվել:
«Պրոցես է, որ ընթանում է»,- ասաց նա:
![]()