![]()
2020 թվականի հունվարի մեկից ՀՀ աշխատող քաղաքացիներն ամեն ամիս ստանալու են 2,5-4 մլրդ հավելյալ աշխատավարձ։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին։
Վերջինս, մասնավորապես, վարչապետից հետաքրքրվեց, թե նա ինչ տեսակետ ունի հանրային քննարկման ներկայացված համապարփակ բժշկական ապահովագրության նոր հայեցակարգի մասին, որով նախատեսվում է նպատակային նոր առողջապահական հարկատեսակի ներդրում՝ 6 տոկոսի չափով․
«Արդյոք արդյունավե՞տ եք համարում առաջարկվող մոդելը, արդյոք արդարացվա՞ծ եք համարում, որ չբավարարվող ֆինանսավորման ամբողջ բեռը դնելու ենք միայն աշխատող մարդկանց վրա, արդյոք այդ բեռը տանելի՞ եք համարում, եթե նախատեսում ենք նոր հարկատեսակի ներդրում, ինչո՞ւ դրան չէինք անդրադարձել Հարկային օրենսգրքի բարեփոխումների շրջանակներում»,- մի քանի հարց հնչեցրեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ առաջարկված հայեցակարգի վերաբերյալ կառավարությունում միասնական տեսակետ չկա։ Նրա խոսքով՝ նախարարն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար․
«Մենք ձեւակերպել ենք մեր խնդիրը, որ ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է «հիվանդանոցի դռներին մնա», եւ մենք պետք է լուծենք խնդիր, որ բոլորն ունենան պատշաճ առողջապահություն»,- նկատեց Փաշինյանն ու շարունակեց, որ նախարար Թորոսյանն ունի իր տեսակետը, իսկ կառավարությունում կան մարդիկ, որոնք այլ կարծիքի են․
«Մեր կառավարությունում միշտ առկա է բանավեճի մթնոլորտ, ձեզ էլ հրավիրում եմ այդ հարցերին պատասխանելու, ես այս հարցի շուրջ ձեւավորված տեսակետ չունեմ»։
![]()