Երուսաղեմում հայ և հույն հոգևորականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Երուսաղեմում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև: Տարիներ շարունակ Բեթղեհեմում Հայ առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիների հոգևորականների միջև հայերի Սուրբ Ծննդյան եկեղեցական արարողության ժամանակ տեղի են ունենում այսպիսի միջադեպեր:

Հայերն այնտեղ Սուրբ Ծնունդը նշում են հին տոմարով՝ հունվարի 18-19-ին:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում այսպես ներկայացրեց միջադեպը. —

«Իրականում ոչ թե փորձել են մեր արարողության ժամանակ միջամտել, այլ երբ մեր արարողությունը ժամը 18:00-ին ավարտվեց, դրանից հետո մենք դադար ունենք մինչև ժամը 22:00-ը, և մեր արարողությունից հետո նրանք իրավունք ունեն խնկարկություն անել Ծննդյան Սուրբ այրի մեջ: Ճիշտ այդ ժամանակ նրանք պահանջեցին մեզանից, որ այրի մեջ 24 ժամ, որ մենք իրավունք ունենք տեղադրելու մեր սրբապատկերն, ինչպես նաև ավետարանն և մոմակալները, դրանք հեռացնենք»:

Ըստ հայր Կորյունի՝ զինված գալով ու վկայակոչելով իրենց իրավունքն ու ինչ-որ կեղծ փաստաթղթի նկար ներկայացնելով՝ նրանք պահանջել են պատից իջեցնել հայերի սրբապատկերը.

«Այդ ժամանակ էր, որ երբ իրենք փորձեցին այդ սրբապատկերն ու խնկարկումը միասին իջեցնել դեպի Սուրբ Ծննդյան տաճար, մենք այդտեղ կանգնեցինք և այդ ամեն ինչը թույլ չտվեցինք, որ տեղի ունենա: 24 ժամ մեր Ծննդյան տոնին Սուրբ Այրը մերն է, և մեր սրբապատկերն է տեղադրվում, Ավետարանն ու մոմակալները, և ոչինչ չի շարժվում այնտեղից:

Դրանք դարերով եկած իրավունք են, սակայն այս տարի նրանք փորձեցին այդ միջամտությունն անել, մենք թույլ չտվեցինք, և ծեծկռտուք տեղի ունեցավ, որի արդյունքում անշուշտ նրանք հեռացան, և սրբապատկերը չտեղադրվեց», — պատմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ