«Ես տարիք չունեցող կին եմ». Հասմիկ Կարապետյանը՝ 43 տարեկանում կրկին մայրանալու մասին

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի և երաժիշտ Շանթ Կիրմիզյանի ընտանիքում ապրիլի վերջում կրկին համալրում է սպասվում: Թե ինչ սեռ ունի ընտանիքի նոր անդամը, ծնողները դեռ չեն պարզել. ուրախ կլինեն թե՛ տղայի, թե՛ աղջկա դեպքում:

Հասմիկն անկեղծ զրույց է ունեցել, որի շրջանակում պատմել է 43 տարեկանում կրկին մայրանալու, առաջին ու երկրորդ հղիության տարբերությունների և իր կյանքում արվեստի բացակայության առաջացրած բացի մասին:

-Հասմիկ, այս փուլում երկրորդ անգամ մայրանալ չէիք ծրագրում, հղիության լուրն անսպասելի էր Ձեզ համար: Այնուամենայնիվ, իր անսպասելիության մեջ որքանո՞վ էր ոգևորիչ:

-Լուրն այնքան անսպասելի էր, որ հղիությունս 6-7 շաբաթական էր, ես նույնիսկ չգիտեի այդ մասին: Եթե անկեղծ լինեմ, հոգեպես և ֆիզիկապես ես պատրաստ չէի երկրորդ երեխային: Տաթևը նոր է սկսել մանկապարտեզ գնալ, իր ծննդից հետո դեռ չէի հասցրել հանգստանալ, մի քիչ ինքս ինձ համար ապրել: Այնուամենայնիվ, ես հասկացա, որ, երբեմն, Աստված մեզ տալիս է այն, ինչ մեզ պետք է, ոչ թե այն, ինչ մենք ուզում ենք: Միանշանակ, Տաթևին պետք էր քույր կամ եղբայր:

-Երեխայի սեռը պարզե՞լ եք: Կարևորո՞ւմ եք այն:

-Ցանկացած սեռի դեպքում շատ շնորհակալ կլինենք և սիրով կընդունենք: Կարևորն այն է, որ առողջ բալիկ լինի: Արդեն հղիության վեցերորդ ամսում եմ, բայց դեռ չենք անդրադարձել այդ հարցին: Գուցե մինչև վերջ չդիմանանք և ճշտենք սեռը, գուցե, անակնկալ թողնենք:

-Այս տարի կդառնաք 43 տարեկան: Որպես կանոն՝ այդ տարիքում հղիություն ավելի բարդ է անցնում: Առաջնեկին էլ ուշ տարիքում ունեցաք՝ 39 տարեկանում: Ինչպե՞ս է անցնում հղիությունը, բարդություններ լինո՞ւմ են:

-Կարծում եմ՝ դա միֆ է: Ինձ համար տարիքը միայն թվեր են: 43 տարեկան մեկ այլ կին իմ փոխարեն, հնարավոր է, շատ ավելի ծանր ու առողջական խնդիրներով լիներ: Շատ կանանց համեմատ ես թեթև եմ տանում հղիությունս: Ինքս չեմ բարդացնում այդ ամենը, եթե հղի ես, չի նշանակում՝ հիվանդ ես: Ինձ համար դա պատճառ չէ, որ ծանրանամ, դառնամ մռայլ:

Ես ինձ համարում եմ տարիք չունեցող կին: Թող անհամեստ չթվա, սակայն, չդիմելով պլաստիկ որևէ միջամտության, ես ինձ դեռ ներդաշնակ եմ զգում իմ արտաքնի հետ: Եթե մի օր նայեմ հայելու մեջ և ինձ ներդաշնակ չզգամ, կդիմեմ փոքրիկ միջամտությունների, իհարկե, չափի մեջ: Սակայն առ այսօր չեմ դիմել փոփոխությունների, ես թեթև եմ, էներգիաս տեղն է: Որքան էլ հոգնում եմ, կարողանում եմ վերականգնվել, տիեզերքն ինձ տալիս է այդ հնարավորությունը, ուրեմն՝ պատահական չէ, որ ինձ երկրորդ անգամ մայրանալու հնարավորություն տրվեց: Ինձ համար տարիք գոյություն չունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ