![]()
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Ռուստամ Մ.-ի գործով դատական քննությունը:
33-ամյա Ռուստամին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և երեք դրվագով տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:
Ըստ մեղադրանքի՝ Ռուստամը երեք դրվագով բռնություն էր գործադրել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ Օ.-ի նկատմամբ, իսկ սպանության մասով տուժողը փաստական կնոջ 11 ամսական որդին էր, որի կենսաբանական հայրը չլինելով՝ Ռուստամը հայրություն էր ճանաչել:
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի սեպտեմբերի սկզբին Ռուստամ Մ.-ն, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, ուշ երեկոյան Արմավիրի մարզում գտնվող անասնագոմերի տարածքում կառուցված ժամանակավոր կացարանում վիճել է կնոջ՝ Օ.-ի հետ:
Վիճաբանության ընթացքում նա, ըստ մեղադրանքի, մետաղե ձողով մի քանի անգամ հարվածել է կնոջ մեջքին, ոտքերին՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև ձեռքով մի քանի անգամ հարվածել է տասնմեկ ամսական երեխայի գլխին ու դեմքին:
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, առավոտյան ժամը իննի սահմաններում կացարանում գտնվող Ռուստամը տասնմեկ ամսական երեխայի լացի ձայնը կտրելու նպատակով «ձեռքի ափով ու բռունցքներով հարվածել է երեխայի դեմքին, ապա նրան դեմքն ի վար շրջել է անկողնու վրա, բռունցքներով մի քանի հարված է հասցրել մանկան մեջքին, գլխին, մարմնիկի այլ մասերին, պատճառել է արյունազեղումներ, ծոծրակոսկրի կոտրվածք, գլխուղեղի կարծր թաղանթի գագաթածոծրակային շրջանի արյունազեղում, արյունահավաքներ, ուղեղանյութի արյունազեղում, կողոսկրերի կոտրվածքներ և այլ վնասվածքներ:
Կինը՝ Օ.-ն, մոտեցել ու փորձել է խանգարել, բայց Ռուստամը, ըստ մեղադրանքի, բռունցքով ու բաց ափով հարվածներ է հասցրել Օ.-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Տասնմեկ ամսական երեխան ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ու մահացել է:
Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ Ռուստամին առաջադրված մեղադրանքները հաստատված գնահատելու համար: Դատավճռում արձանագրվել է. «Նախաքննական մարմինը Ռուստամ Մ.-ի մեղադրանքի հիմքում դրել է միայն տուժող, տուժողի իրավահաջորդ Օ.-ի նախաքննական ցուցմունքը, որը նա ամբողջությամբ հերքել է դատաքննական ցուցմունքով»:
Ըստ դատական ակտի՝ նախաքննական մարմինը չի պարզել երեխային մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, իսկ դատաքննությամբ, ըստ դատական ակտի, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու միջոցներն ու հնարավորությունները: «Ըստ էության՝ նախաքննությամբ ու դատաքննությամբ չի հիմնավորվել, որ տուժած երեխային հարվածներ հասցրել ու մահ է պատճառել Ռուստամ Մ.-ն»:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել ու հռչակել է Ռուստամ Մ.-ի անմեղությունը, նրան արդարացրել է՝ մեղսագրված արարքներում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով»:
Կալանքի տակ գտնվող Ռուստամ Մ.-ն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում
![]()