Երեւանի քաղաքապետարանն առաջին անգամ կանխարգելել է մերկասառույցը

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ երեկվա առատ ձյունից առաջ աղով եւ ավազով են մշակվել Արաբկիր, Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների խնդրահարույց փողոցները: Աշխատանքն իրականացվել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցով:

Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք, թե այսուհետ բոլոր վարչական շրջաններո՞ւմ են նման կանխարգելիչ աշխատանքներ իրականացվելու: Վերջինս նշեց, որ աղով ու ավազով կմշակվեն հիմնականում քաղաքի բարձրադիր հատվածները, ինչպես նաեւ այն տարածքները, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Կարապետյանի խոսքով՝ սա առաջին հայացքից արդյունավետ տարբերակ է, ինչի մասին են փաստել նաեւ քաղաքացիները: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր հայտնում են, որ առավոտյան փողոցները զարմանալի մաքուր է եղել եւ հեշտ անցանելի:

Ձնամաքրման կանխարգելիչ աշխատանքներին էր անդրադարձել նաեւ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր բնակելի թաղամասից մի քանի նկարներ եւ կից գրառում կատարել.

«Սա մեր թաղամասն է՝ Ծարավ Աղբյուր փողոցում: Եթե նախորդ տարիները լիներ, այստեղ այս ժամանակ արդեն լուրջ դժվարություններ կլինեին, այժմ երթեւեկելի մասին ձյունը նստած չէ: Առավոտ շուտ մեր համատիրությունը կսկսի մայթերի մաքրման աշխատանքները՝ անցյալ տարի ձեռք բերված հատուկ տեխնիկայով»:

աղբյուրը`  ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ