«Կոշտ վրեժ». համացանցում հրապարակվել է իրանական հրթիռների արձակման տեսանյութը

Իրանական Press TV հեռուստաալիքը հրապարակել է Իրաքի արևմուտքում ԱՄՆ-ի «Այն ալ-Ասադ»  ռազմաբազային ուղղված իրանական հրթիռային հարվածի տեսանյութը:

«Կադրերում երևում է, թե ինչպես է Իրանը հրթիռներ արձակում ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ՝ ի պատասխան գեներալ Սոլեյմանիի սպանության»,-ասված է տեսանյութում:

Տեսանյութի վերին աջ անկյունում պարսկերեն գրությունը թարգմանաբար նշանակում է՝ «Կոշտ վրեժ»:

Հիշեցնենք, որ լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Իրանական Tasnim գործակալությունը հաղորդում է, որ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ