![]()
Էդմոն Մարուքյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասել է
Խորհրդարանի գումարման առաջին նիստի օրը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, խմբակցությունները պետք է հայտարարեն իրենց քաղաքական դիրքորոշումը խորհրդարանում գործունեության վերաբերյալ, այսինքն՝ նրանք ընդդիմադի՞ր խմբակցություն են, թե՞ կառավարող մեծամասնության մաս են․ սա նոր Սահմանադրության համաձայն եմ ասում և նոր ԱԺ կանոնակարգ-օրենքի։
Եթե «Ծառուկյան» դաշինքը հայտարարի, որ իրենք ընդդիմադիր խմբակցություն են, ապա, այո՛, բոլոր այն նախագծերը, որ ներկայացնելու ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի դատին, մենք կառաջարկենք նաև «Բարգավաճ Հայաստան» կամ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ներկայացուցիչներին՝ նույնպես միանալու որպես ընդդիմադիրներ, ինչո՞ւ, որովհետև մենք 9 մանդատ ունենք, «Ծառուկյան» դաշինքը ունի 31 մանդատ, և միասին մենք 40 մանդատներով կարող ենք արդյունավետորեն փոխզսպել և հակակշռել գործող Հանրապետական կառավարող մեծամասնությանը, որի մեջ ներգրավված կլինի, արդեն իսկ ակնհայտ է, Դաշնակցությունը։
![]()
Եվ շատ հանգիստ մենք կարող ենք խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծել միասին տարբեր հարցերի վերաբերյալ, որը որ մենք արդեն հայտարարել ենք։ Օրինակ՝ ընտրակաշառքի զանգվածային դեպքերի վերաբերյալ մենք քննիչ հանձնաժողով ենք պատրաստվում ստեղծել, և սիրով «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ մենք կարող ենք այդ հանձնաժողովը ստեղծել, եթե նրանք նույնպես իրենց ստորագրություններով միանան, և նաև հանձնաժողովում իրենց անդամներն աշխատեն։
![]()