![]()
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, թե ինչպես են երկու տղաներ կրկնօրինակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձի վերջին հատվածը:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում իր ամանորյա ուղերձի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց.
Սիրելի հայրենակիցներ,
2019 թվականին մենք ըստ էության փակել ենք այսպես կոչված «80-ականների զենքերի» ամոթալի էջը: Ընդամենը օրեր առաջ Հայաստանը ձեռքբերեց ՍՈւ 30 ՍՄ գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ռազմական օդանավեր եւ վերջապես ունեցանք կործանիչ ավիացիա, ձեռք բերեցինք ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից համակարգեր:
2019 թվականին վերջին տարիների համար աննախադեպ քանակի զենք եւ զինամթերք ենք ձեռքբերել, որոնք կամ հենց 2019 թվականի արտադրության են, կամ բոլորովին չօգտագործված: Սա աննախադեպ իրավիճակ է մեր բանակի պատմության մեջ:
Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ գերժամանակակից այս զենքերը մեզ անհրաժեշտ են խաղաղության եւ ոչ պատերազմի համար: Իսկ մեր խաղաղությունն ապահովում են այսօր, հիմա, հենց այս պահին առաջնագծում, սահմանին կանգնած եւ իրենց զորամասերում մեզ հետեւող զինվորները, սպաները, գեներալները:
Ամանորի այս հանդիսավոր հարթակից հատուկ ողջույններ եմ հղում նրանց եւ շնորհակալություն եմ հայտնում մեր խաղաղության դիրքերում ամուր կանգնած լինելու համար:
Ասեմ նաեւ, որ բանակում սկսվել եւ մեծ թափով առաջ է շարժվում զինվորներին բարձրորակ սննդով ապահովելու նոր համակարգի ներդրումը, որը լայն դրական արձագանք է գտել զինվորների, նրանց ծնողների եւ հանրության շրջանում: 2020 թվականի արդյունքներով մտադիր ենք սննդի ապահովման այսպիսի համակարգով ապահովել Հայոց բանակի բոլոր զորամասերը ինչի արդյունքում մեր զինվորների ամենօրյա սեղանները կլինեն իրենց մատուցած ծառայությանը արժանի…..
Հատուկ ողջույններ եմ հղում Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության, արդարադատության նախարարության այն ծառայողներին, ովքեր ամանորյա այս րոպեները անցկացնում են ծառայության մեջ, ապահովելով երկրի ու ժողովրդի անվտանգությունը եւ շնորհակալություն եմ հայտնում նրանց՝ ծառայության համար:
Ջերմորեն ողջունում եմ առողջապահության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, տրանսպորտի, հանրային սննդի ոլորտի այն աշխատողներին եւ ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր Ամանորը դիմավորում են ոչ թե ընտանիքի անդամների հետ, այլ աշխատանքի մեջ:
Եւ ի վերջո, ողջունում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին, Հայաստանում, Արցախում, սփյուռքում… ու հատկապես այն մարդկանց, ովքեր այս պահին այստեղ են՝ համայն հայության եւ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի սրտում՝ Հանրապետության Հրապարակում:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Եւ ծառայում եմ բոլորիդ. ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են:
Ժպտացեք իրար սիրելի հայրենակիցներ, որովհետեւ Նոր տարին ահա, եկավ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
С новым годом!😂😂😂
Posted by Yana Babajanyan on Tuesday, December 31, 2019
![]()