«2020-ին պարտադիր կլինեմ երջանիկ. այդպես եմ որոշել»․ Անդրե

«Ամանորը հրաշք է, որին սպասում են բոլորը՝ ամեն տարվա հետ պահելով նոր երազանքներ, ցանկություններ ու կազմելով նորանոր ծրագրեր: Ամանորն Ամանոր չէ առանց  Աստված եւ առանց սեր ու հարգանք ընտանիքներում:

Ամանորը կցանկանայի դիմավորել Հայաստանում, բայց արդեն քանի տարի է՝ դիմավորում եմ ԱՄՆ-ում: Հուսով եմ՝ մյուս տարի կլինեմ հայրենիքումս:

Սիրում եմ, երբ Ամանորի գիշերը  համեղ ուտելիքներով լի սեղան ենք նստում ընտանիքով եւ վայելում միմյանց ներկայությունը՝  սպասելով սիրելի հյուրերին: Չեմ սիրում, երբ Ամանորին հիվանդ եմ լինում: Այս տարի ցավոք՝ մրսել եմ մի քանի օր առաջ ու այսպես պետք է դիմավորեմ: Բայց հուսով եմ՝ մինչ դեկտեմբերի 31-ը կապաքինվեմ:

Երբ փոքր էի, մտածում էի,  որ, իսկապես, Ձմեռ պապ կա, մինչեւ չտեսա, որ իմ թանկագին ծնողներն են քրտնաջան աշխատում ամբողջ տարի եւ լավ նվերներ պատրաստում իմ եւ քրոջս՝ Անուշի համար, իսկ իրենց տանջանքն ու սերը գցում էին անծանոթ սպիտակամորուք պապիկի վրա (ծիծաղում է): Ամենախենթ նվերը, որ խնդրել եմ Ձմեռ պապից… Երեւի՝ դեռ չեմ խնդրել, բայց անպայման Աստծուն կխնդրեմ այս տարի:

Եթե ես լինեի Ձմեռ պապ… Ես Երգի պետական թատրոնում մի անգամ եղել եմ Ձմեռ պապ (ժպտում է): Բայց եթե իսկապես այդ միֆը ճիշտ լիներ, ապա ես այնպես կանեի, որ մարդիկ երջանկության ու սիրո պակաս չզգային եւ միշտ լինեին ինքնաբավ, առողջ ու հաջողակ՝ բոլոր առումներով: Բայց ես, ցավոք, Ձմեռ պապ չեմ:

Ամեն տարվա սկզբին պարտադիր… Չկա նման պարտադիր բան, որ ամեն տարեսկզբին լինում է: 2020-ին պարտադիր կլինեմ երջանիկ. այդպես եմ որոշել»․ Անդրե

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ