![]()
Ծառուկյանների 7 հոգանոց ընտանիքն այսօր բնակարանամուտ տոնեց Գյումրու Անի թաղամասում: Անուշավան Ծառուկյանն ամուսնացել ու 31 տարի ապրել է տնակում:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այժմ Ծառուկյանին և մեկ այլ բազմանդամ ընտանիքի ամբողջովին վերանորոգված բնակարաններ է նվիրել:
Երկու ընտանիքներն էլ Գյումրիի Բուսաբանական այգու տարածքի 207-րդ տնակային թաղամասի բնակիչներ են: Այվազյանների և Ծառուկյանների ընտանիքներն արդեն տեղափոխվել են և ապրում են քարաշեն տներում: Երկու ընտանիքների համար հիմնադրամը գնել է 3 սենյականոց բնակարաններ:
Խճանկարի կտորների վաճառքից գոյացած գումարը կազմել է ավելի քան 15 մլն դրամ: Հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանի խոսքերով` ավելի քան 8500 մարդ է հանգանակություն կատարել, հավաքված գումարը, սակայն, բավարար չի եղել 2 բնակարան գնելու համար, քանի որ բնակարանները Գյումրիում թանկացել են։
Հանգանակվածին որոշակի գումար ավելացրել է հիմնադրամը։ Այվազյանների ընտանիքի անդամները երաժիշտներ են, բնակարանամուտն էլ տոնեցին երաժշտական հնչյունների ներքո։
![]()