«67 հոգին բեմադրություն ցույց տվեցին, բայց ռեժիսորը շատ վատն էր»․ Լալա Մնացականյան

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հետ:

-Տիկի՛ն Մնացականյան, ի՞նչ տպավորություն ունեք հոկտեմբերի 2-ի իրադարձություններից:

-Կարծում եմ՝ այդ 67 հոգին բեմադրություն ցույց տվեցին, բայց ռեժիսորը շատ վատն էր: Նրանք մտածում էին, որ առջեւում «Ֆրանկոֆոնիա»-ն է, Հայաստան են գալու մեծ թվով արտասահմանցիներ, եւ լավ պահ էր Հայաստանի վարկանիշը գցելու համար: Այդ հաշվարկով ուզում էին մեկ անգամ եւս կաթսան խառնել: Շատերն են դա գլխի ընկել: Բայց դա տգեղ, անմակարդակ քայլ էր, կներեք, կապիկություն արեցին:

Իմ իմացած հեքիաթներում վիշապը երեք գլուխ ունի, սրանցը 67-ն է: Այս ի՞նչ վիշապ է, կտրում ես, կտրում ես, նոր գլուխ է բուսնում: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին ինչ է մտածում, բայց նրա քայլերի, մտադրության վերաբերյալ ունեմ իմ վերսիան, որը չեմ բարձրաձայնի: Համենայն դեպս, մեր վարչապետը ազնիվ է եւ խելացի: Իսկ ազնիվ մարդը խաբելու բան չունի, սողոսկելու ձգտում չունի: Նրա թիկունքին ժողովուրդն է կանգնած, իմաստուն չլինելու իրավունք չունի:

Հիմա ինչի՞ սպասի ժողովուրդը, ո՞րը պետք է լինի նրա անելիքը:

-Ժողովուրդն այս վիշապների կործանումը դեռ չի տեսել, սպասում է, թե երբ են հրեշին վերջնականապես գլխատելու: Ինձ նույնիսկ արտասահմանից են պարբերաբար զանգում, բավական հուզված ասում են, որ տեղները չեն գտնում այս նյարդային իրավիճակից: Մի՞թե այդ 67 հոգին ավելի ուժեղ են, քան բարիկադի մյուս կողմում կանգնած ժողովուրդը: Ինչու՞ ենք երբեւէ որոշել նրանց տալ այդ առավելությունը, եթե կարելի է հանգիստ լուծարել խորհրդարանը:

Այս խորհրդարանը չի վայելելու ժողովրդի սերը, մարդիկ խորշում են այդ 67 հոգուց, շատ քիչ տոկոս կա, որ մարդիկ կցանկանան՝ այնտեղ լինի:

Նրանք բառացիորեն մարդկային դեմք չունեցող կերպարանքներ են, ազգություն էլ չունեն: Նրանց երբեմն թուրք են անվանում, բայց նույնիսկ թուրքը մեր ազգի հետ այսպես չէր վարվի: Այնպես որ, հարկավոր է լինել միասնական առավել, քան երբեւէ:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ