«Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել». Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Փաշինյանի տիկնոջը

«Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Դոմինիկ դե Բումանի, փոխնախագահ Մարիան Ստրեյֆ-Ֆելլերի, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի փոխնախագահ, բարեկամության խմբի անդամ Իզաբել Մորեի, Ազգային խորհրդարանի պատգամավոր, բարեկամության խմբի անդամ Սիբել Արսլանի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի  հետ:

Աննա Հակոբյանին ուղեկցում էին Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Կարևորելով հանդիպումն ու բարեկամության խմբի անդամներին անվանելով անձնական բարեկամներ, Աննա Հակոբյանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի ժողովրդին պատմության դժվարագույն ժամանակներում հայ ժողովրդի կողքին կանգնելու և աջակցելու համար:

«Շնորհակալությունը երբեք շատ ու ուշացած չի լինում, և ես շնորհակալություն եմ հայտնում շվեյցարացի ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ աշխատանքի, Սպիտակի երկրաշարժի ժամանակ հայ ժողովրդին ցուցաբերած հսկայական ու անմոռանալի աջակցության համար, ինչպես նաև այն օժանդակության համար, որ հայ ժողովուրդը ստացել է վերջին երեսուն տարվա ընթացքում»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված նոր իրողությունները նոր դռներ են բացելու երկկողմ ավելի բարձր մակարդակի համագործակցության համար:

աղբյուրը՝  armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ