![]()
«Իսկ ո՞ւր էին այդ ցանկի մշակույթի ու արվեստի գործիչները երկրի համար մյուս վճռորոշ իրադարձությունների ժամանակ: Ինչո՞ւ նրանցից որևէ մեկը իր կարծիքը չի հայտնել այդ վճռորոշ պահերին, նրանց չէր հուզում երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը… ու մեկ էլ Քոչարյանի ազատությունն են պահանջում: Եվ հետո՝ ես չեմ կարծում, որ երկրում առկա այդ նեգատիվը գալիս է իշխանություններից: Դա գալիս է հինգերորդ շարասյունից: Ես դրանում համոզված եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը՝ անդրադառնալով Քոչարյանի ազատությունը պահանջող մշակույթի գործիչների հայտարարությանը:
Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ էին արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ «Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրը իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք: Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:
Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք: Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում:
![]()
Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը: Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,- ասված էր հայտարարության մեջ, որի տակ ստորագրել էին հայկական շոու բիզնեսի երգիչ-երգչուհիներ, ինչ-որ պարուհիներ, դերասաններ և այլոք:
«Ես չեմ կարող այս մարդկանց արարքներին գնահատական տալ, ամեն մեկն իր խղճի առաջ է պատասխանատու, բայց նրանց գործողությունները թելադրված են հինգերորդ շարասյան կողմից: Դեռ այդպիսի շատ բաներ կլինեն: Հինգերորդ շարասյունը շատ ակտիվ աշխատում է Հայաստանում: Մարդկանց գործողությունները, մարդկանց խիղճն ինչին է ծառայեցվում՝ արդեն պարզ է: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց այդ մարդիկ անգամ ամենաճակատագրական պահերին ծպտուն չեն հանել: Չնայած մեր երկրում, իմ մոտ արդեն մշակութային գործիչ, արվեստի գործիչ, մտավորական եզրերը շատ վատ տպավորություն են առաջացնում, որովհետև ամենաճակատագրական պահերին, մի քաղբանտարկյալի համար մի ստորագրություն ստանալու համար հազար անգամ մարդկանց խնդրել ենք և մերժում ենք ստացել: Սա է իրականությունը»,- եզրափակեց Եղիշե Պետրոսյանը՝ հավելելով, որ իրեն չեն դիմել այս ցուցակին, հայտարարությանը միանալու համար: Դիմեին էլ, բնականաբար, մերժում էին ստանալու:
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ եթե երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը կախված է մեկ մարդուց, ուրեմն մեր երկրի հետ ինչ-որ բան այն չէ: «Այնպես չէ, որ մեկ անձի կալանավորված լինելը կամ չլինելը կարող է երկրի բարոյահոգեբանական վիճակը փոխել: Դա միամտություն է, և դրա մեջ, կարծում եմ, կա էժանագին շահարկում»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը:
![]()