Ռոբերտ Քոչարյանին համոզել են. նա դուրս կգա՞ այդտեղից

lragir.am-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը նախօրեին հայտարարել էր, որ ունեն Ռոբերտ Քոչարյանի ազատության համար հայտարարությանը միացած բոլոր աստղերի եւ արվեստի գործիչների համաձայնության ապացույցները, պարզապես էթիկական, մարդկային տեսանկյունից ճիշտ չեն համարում դրանք հանրայնացնելը:

Հայտարարությունը ստորագրողներից շատերը հետո հայտարարել են, թե իրենց անունը այնտեղ է առանց համաձայնության, կամ իրենք բոլորովին այլ բանի են համաձայնություն տվել, ոչ թե ազատության կոչին:

Ո՞վ է իրավացի. ի վերջո դժվար է պատկերացնել, թե ինչ որ մեկի անունը կարող էր գրվել խաբեությամբ: Այլապես կգրվեին գուցե շատ ավելի անուններ ու ազգանուններ: Միեւնույն ժամանակ, Լեւոն Քոչարյանն ասում է, թե հասկանում է «հրաժարվողներին»՝ նրանք վախենում են հանրային ճնշումից:

Այդ դեպքում առաջանում է պարզ հարց՝ ո՞րն էր «ապացույցներով» հավաքագրման իմաստը, եւ աջակցություն հայտարարության իմաստն ընդհանրապես: Հարցն այն չէ, որ որեւէ մեկը չունի Ռոբերտ Քոչարյանին աջակցություն հայտնելու եւ ազատություն պահանջելու իրավունք: Ունի ցանկացած քաղաքացի: Բայց, տվյալ պարագայում իհարկե անկասկած է, որ գործ ունենք ոչ թե աստղերի անկեղծ պոռթկման, այլ մի նախաձեռնության հետ, որով ներգրավվել են նաեւ նրանք:

Լեւոն Քոչարյանը ակնարկեց, որ նախաձեռնությունը եկել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նորաստեղծ հանձնախմբից, որի ղեկավար Աղվան Վարդանյանն օրերս հանդիպել էր լրատվամիջոցներին:

Նախօրեին Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու նրա պաշտպանների բողոքը: Փաստորեն, թե Աղվան Վարդանյանն իր 60 հազար ստորագրության մասին հայտարարությամբ, թե միացած մոտ 60 աստղերը, այդ թվում Ռուսաստանից, որեւէ կերպ չօգնեցին Ռոբերտ Քոչարյանին: Բայց ոչ միայն չօգնեցին, այլ թերեւս նրան դարձրին էլ ավելի մեծ վրդովմունքի ու ինչ որ տեղ նաեւ հեգնական իրավիճակի թիրախ, այդ թվում «հրաժարվող աստղերի» առումով:

Ռոբերտ Քոչարյանը մնալու է կալանքի տակ: Իսկ մնալու՞ է նա պաշտպանական նույն մարտավարության ազդեցության կամ ենթակայության տակ, ինչ կիրառել է մինչեւ այժմ, թե՞ երկրորդ նախագահը կկարողանա դուրս գալ դրանից: Նրա գլխավոր խնդիրը գուցե առերեւույթ է բանտից դուրս գալը թվում: Նրա գլխավոր խնդիրը պաշտպանական այդ «կարծրատիպերից», ընկալումներից, ծուղակից դուրս գալն է, որում նա հայտնվել է տարատեսակ ներշնչումների հետեւանքով:

Այդ ամենի հետեւանքը եղել է այն, որ երկրորդ նախագահը որեւէ կերպ չի կարողացել թեթեւացնել իր դրությունը, փոխարենն ավելի է բարդացրել ու խճճել, դառնալով գործնականում տարբեր ներքին ու արտաքին քաղաքական, եւ իհարկե նաեւ որոշակի կոմերցիոն շահերի սպասարկման օբյեկտ:

Ռոբերտ Քոչարյանի ցասումը հասկանալի է՝ նա ընդվզում է գրեթե երեք տասնամյակի ամբողջ «մեղքը» դե ֆակտո իր վրա բարդելու գործընթացից, առավել եւս անկեղծ համոզված լինելով, որ այդ ընթացքում արձանագրել է կառավարման ամենալավ ցուցանիշները:

Բայց Քոչարյանը բաց է թողել որեւէ մեկին որեւէ բան համոզելու պահը, եւ այդ պահը եղել է մարտի 1-ից առաջ, ոչ թե հետո: Երկրորդ նախագահն այժմ որեւէ մեկին որեւէ բան համոզել չի կարող: Մնում է համոզել իքնզինքը, որ անգամ քաղաքական հետապնդման ենթարկվելու անկեղծ վստահության պարագայում, Ռոբերտ Քոչարյանի ձեռքին ամենաարդյունավետ գործիքը կարող է լինել իրավականը՝ այն պրոֆեսիոնալ պաշտպանական թիմով, որն այժմ գործնականում մղվել է երկրորդ պլան: Կամ որն ինչ որ մարդիկ են մղել երկրորդ պլան, ինչ որ բանում համոզելով Ռոբերտ Քոչարյանին:

Մանրամասները՝ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ