«Բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը». մայրը որոնում է երեխային, որին խլել են ծննդատանը

«Բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը». մայրը որոնում է երեխային, որին խլել են ծննդատանը:

Այս օրերին բոլորն են խոսում Ռազմիկ Աբրահամյանի մասին։ Հանրապետական ծննդատան տնօրենին մեղադրանք է առաջադրվել անօրինական որդեգրման և երեխաներին փոխելու մեղադրանքով։ Բայց 34–ամյա Սյուզաննան արդեն 19 տարի է` ամեն օր հիշում է նրան. 2000թ–ին ստիպեցին հրաժարվել աղջկանից։

Ժաննա Պողոսյան

Երիտասարդ, գեղեցիկ կնոջ դեմքը ծամածռվում է։ Նրա հետ կատարվածը 19 տարվա պատմություն ունի, բայց վերքը դեռ շարունակում է արյունահոսել։

«Յուրաքանչյուր կանաչաչյա աղջիկ կարող է լինել իմ Ստելլան։ Ես բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը։ Ես աշխատանքի եմ անցել գեղեցկության սրահում. այնտեղ մեծ է նրան հանդիպելու հավանականությունը», – պատմում է կինը։

Սյուզաննա Պատվականյանը 34 տարեկան է։ 2000թ–ին 15–ամյա Սյուզաննան հղիացել է 21–ամյա ընկերոջից։ Տղային անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար քրեական պատասխանատվությունից փրկելու համար սիրահարների ծնողները սկսել են «հուսալի» գինեկոլոգ փնտրել։ Նրանց տարբեր կողմերից խորհուրդ են տվել դիմել Ռազմիկ Աբրահամյանին` Հանրապետական ծննդատան տնօրենին։

«Ասացին` նա փող է սիրում, նրա հետ հեշտ է պայմանավորվելը։ Ես հղիության վեցերորդ ամսում էի, երբ մենք դիմեցինք նրան։ Նա ասաց, որ ամեն ինչ կկազմակերպի, երեխային կգրանցեն քրոջս անունով, որը 18 տարեկան էր, խորհուրդ տվեց տնից դուրս չգալ, որպեսզի ոստիկանները չնկատեն։ Այդ ամենի դիմաց 500 դոլար պահանջեց», – հիշում է Սյուզաննան։

Սյուզաննան աղջիկ է ունեցել` Ստելլան, քաշը` 1800 գրամ։ Մայրը երեխային միայն մի ակնթարթ է տեսել, հասցրել է միայն նկատել, որ իր նման կանաչ աչքեր ունի։ Սյուզաննայի խոսքով` իր սենյակ է մտել հիվանդանոցի մանկաբարձ–գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանը և ասել, որ երեխան ծնվել է բարդություններով և առաջարկել է հրաժարվել նրանից։ Սյուզաննան մերժել է առաջարկը։

Դրանից հետո բժիշկն ասել է, որ երեխայի հորը կհանձնի իրավապահներին։ Հետծննդաբերական վիճակում գտնվող աղջիկը գրել է, որ հրաժարվում է երեխայից, բայց չի ստորագրել։ Սակայն այլևս չի տեսել իր երեխային։ Երբ նրան դուրս են գրել, երեխան դեռ հիվանդանոցում բուժվել է` որպես վաղածին։ Այդ օրը Սյուզաննան երեխայի հորը և իր ընտանիքին  պատմել է բժիշկների «առաջարկի» մասին։ Մեկ օր անց, երբ հիվանդանոց է եկել, նրան պատասխանել են` քո երեխային մանկատուն ենք ուղարկել։

աղբյուրը՝ ArmeniaSputnik

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ