![]()
Այգու կառուցման աշխատանքներն սկսվել են 1930-ականների վերջին, և այգին կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում»։
Հայրենական մեծ պատերազմից հետո այն վերանվանվել է «Հաղթանակ» այգու, որի ամայի տարածքներում տարիների ընթացքում ծառեր են տնկվել։
«Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։ Նույն օրն այգում բացվել է Ստալինի արձանը, որի պատվանդանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պղնձե արձանն ուներ 17 մետր բարձրություն, հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովն է։ 1962 թվականին Ստալինի արձանն ապամոնտաժվել է։
![]()
Պատվանդանը հինգ տարի մնացել է դատարկ։ 1967 թվականին Ստալինի արձանի տեղում տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։ 1970 թվականին հուշահամալիրի շենքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը, որը 1995 թվականին վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի և անցել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։
![]()