«Ինչ ստորագրության մասին է խոսքը…» Գուժ Մանուկյանը չի ստորագրել Քոչարյանին սատարող հայտարարությունը

Այսօր Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Այդ մարդկանց թվում է կա նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։

Թեմայի մասին զրուցելու համար ArmDaily.am-ը զանգահարեց Գուժ Մանուկյանին, վերջինիս հեռախոսահամարին պատասխանած կինն ասաց, որ դերասանը չի կարող խոսել, իսկ ինքը պատասխանատու անձ է։

Հարցին, արդյոք Մանուկյանը ստորագրել է այդ հայտարարության տակ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Արվեստագետները քաղաքականությամբ չեն զբաղվում։ Պարույր Սևակին երևի լավ կիմանաք, երբ որ իզուր հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում։ Անիմաստ հարցեր եք ուղղում պարոն Մանուկյանին, ով ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում»։

Դիտարմանը, թե այնուամենայնիվ տեղյակ եղել է, ստորագրել է թե ոչ, տիկինը պատասխանեց.

«Ինչ ստորագրության մասին է խոսքը, ես ասեցի, որ նա քաղաքականությամբ  ընդհանրապես  չի զբաղվել և չի զբաղվում, դա է պատասխանը»։

աղբյուրը՝  ArmDaily.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ