Նիկոլ Փաշինյանը՝ Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալության մասին

Կառավարության նիստին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված հարուցված քրեական գործին և նշեց, որ երեկ, ըստ էության, այդ առումով շոկային լուր ստացվեց: «Ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությունում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք, տրվեցին հանձնարարականներ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չէի կարողանում հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ:

Փաստն այն է, որ ունենք ձերբակալված անձինք: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, բայց եթե այդպիսի գործողություններ արվել են, նշանակում է կան առնվազն կասկածելու հիմքեր»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում, բայց կարևոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների, ամբողջական: «Կարևոր է հասկանալ, թե ի՞նչպես է պատահում, որ Հայաստանի Հանրապետությունում նման մեխանիզմ է գործել: Կասկածներ կան, որ դա երկար տարիներ է գործել: Պետք է ամբողջական քննություն տարվի, որպեսզի այս գործն իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի:

Դեկտեմբերի 18-ին, օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ