101 երեխայի անհետացման դեպք, բոլորն էլ Հանրապետական ծննդատանը. ով է Ռազմիկ Աբրահամյանի հանցակիցը

Հանրապետական հիվանդանոցի և առհասարակ Ռազմիկ Աբրահամյանի գործունեության վրա ուշադրությունը սևեռվեց Կոտայքի մարզի 33-ամյա բնակչուհի Հայկուհի Խաչատրյանի դեպքից հետո: Երբ ծննդկանը, իր պնդմամբ, ծննդաբերել էր տղա երեխա, ապա իրեն ասել էին, որ երեխան մահացած է ծնվել: Իսկ մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է երեխայի դիակը: Հիվանդանոցից ասում էին՝ ուղարկել են դատաբժշկական փորձաքննության, ապա՝ թե բժշկական թափոնների հետ աղբն են թափել և այլ վարկածներ:

Սակայն Հայկուհին այդպես էլ չհամակերպվեց իր երեխայի կորստի հետ: Նա ավելի ուշ սոցցանցում արշավ սկսեց՝ հավաքագրելով տեղեկություններ Հանրապետական ծննդատան հետ կապված: Նրան տարբեր մայրեր էին գրում իրենց հետ կատարվածի մասին, ինչն ակնհայտ ցույց էր տալիս, որ այդ հիվանդանոցում ամեն ինչ օրինական չէ:

Հայկուհին նշեց, որ «Հայոց մայրեր» հասարակական շարժում է սկսել, որին արդեն 508 մայր է միացել: Նրանց բողոքներից 101-ը հաղորդում է հանցագործության մասին, որը Հայկուհին արդեն հանձնել է դատախազություն, ապա ոստիկանության 6-րդ վարչությունից կանչել են իրենց։

«Մենք համագործակցում ենք իրավապահների հետ, բոլոր տվյալները տրամադրել ենք իրավապահներին և հույս ունենք, որ կհասնենք արդարության: Ուշագրավ է, որ այդ 101 բողոքն էլ՝ երեխաների փոխելու, անհետացման կամ վաճառքի հետ կապված, եղել է Հանրապետական ծննդատանը:

Հայկուհի Խաչատրյանը պնդում է՝ Ռազմիկ Աբրահամյանից, մանկատան տնօրեններից բացի, շղթայում այլ մարդիկ կան, ովքեր օգնել են պարտակել այս հանցագործությունները, և այդ մարդիկ իրավապահ համակարգում են։

«Մեր մայրիկներից մեկի գործով մենք պարզեցինք, որ դատախազությունում աշխատում է Գրիգորի Պողոսյան անունով մեկը, որը հանդիսանում է Ռազմիկ Աբրահամյանի քրոջ որդին: Մենք դեպք գիտենք, որ անչափահասին ստիպելով՝ ստորագրել են տվել փաստաթուղթ և նրա երեխան վաճառել են: Ակնհայտ է, որ Գրիգորի Պողոսյանը աջակցել է նրանց այս հանցագործությունների հարցում: Մենք նաև սրա մասին ենք բողոքել ու սպասում ենք: Իրավապահներից շատ բան է կախված:

Նրանք միտումնավոր շեղում են գործի ընթացքը: Նույնն էլ իմ գործով եղավ: Ես պահանջեցի ինձ տրամադրել երեխայի մազից, մաշկից և ունք, որպեսզի ուղարկեմ նաև արտասահման՝ փորձաքննության, իսկ հետաքննիչը գնացել և թաց օրգաններ է պահանջել ու վերցրել: Դա նշանակում է, որ վերևից մեկը նրան հրահանգել է այդպես անել, հակառակ դեպքում անհնար է, որ ես գրավոր մազ, մաշկ և ունք պահանջեմ, իսկ հետաքննիչը գնա ու թաց օրգաններ պահանջի: Երբ որ ես այս ամենը համադրում եմ, դեպքերը ուսումնասիրում եմ, հասկանում եմ, որ դատախազությունում կա մի աշխատող, որը հանցակից է Ռազմիկ Աբրահամյանի հետ: Ես կասկածներ ունեմ, որ ինքն է վերևից հրահանգում, թե ինչը ոնց անեն, ապահովում է իրավական մասը, որ ապահովագրեն իրենց»,-ասաց Հայկուհին:

Աղբյուր՝ «Առաջին լրատվական»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ