![]()
«Այս մոլորակի վրա կա 2 հայկական պետություն, եւ երկուսում էլ ես ղեկավար եմ եղել».
Այս մասին քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանների բողոքի քննության ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ ցանկություն չուներ ելույթ ունենալու, բայց քանի որ հնչեց բառակապակցություն այն մասին, որ ինքը վտանգ է ներկայացնում մեր պետականությանը (նման հայտարարություն արեց տուժողի իրավահաջորդներից Գեւորգյանը,-խմբ.), դրա համար մի փոքր կհեռանա իրենց բողոքից. «Առաջինը ԼՂՀ-ն է, որը ղեկավարել եմ ամբողջ պատերազմի ժամանակ, այդ երկրի հռչակագրի հեղինակն եմ, եւ 88 թվականից մինչեւ երկրի ձեւավորումը որեւէ որոշում չի կայացվել առանց ինձ, ես առաջին նախագահն եմ»:
Քոչարյանը նշեց, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում եւս նախագահ է եղել տասը տարի, իսկ մինչ այդ ՀՀ-ն դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների շարքերին:
Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությանը առարկեց տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ նշելով, որ դա բողոքի ըստ էության քննարկման հետ կապ չունի, ինչից հետո դատարանի դահլիճում իրարանցում սկսվեց:
Տուժողների իրավահաջորդ Գեւորգյանը, դիմելով դատարանին, ասաց, որ իրեն ահաբեկում են՝ նկատի ունենալով Քոչարյանի՝ նիստերի դահլիճում ներկա աջակիցներին: Նախագահող դատավորն էլ հայտնեց, որ ինքը հասկանում է քաղաքացու վիշտը, սակայն վերջինս խոչընդոտում է դատական նիստը: Դատական նիտսի կարգը պատճառաբանութմամբ մի քանի քաղաքացիներ հեռացվեցին նիստերի դահլիճից: Դատավորը հայտնեց, որ Սեդա Սաֆարյանի առարկությունը ընդունվեց, բայց ամբաստանյալը բողոքի հետ կապված խոսք ունի ասելու, ուստի հնարավորություն տվեց Քոչարյանին շարունակել իր ելույթը:
«Մի դատական նիստի ժամանակ այս նույն քաղաքացին ինձ մեղադրել է իր կնոջ՝ ինֆարկտից մահվան մեջ: Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ես ասում եմ՝ իմ նախագահության ժամանակ ՀՀ-ն դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, եւ դա պահպանվել է մինչ օրս: Եթե այս արդյուքները ունեցող մարդը համարվում է վտանգ պետականությանը, ուրեմն՝ էլ ի՞նչ ասեմ, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք»,-ասաց Քոչարյանը:
Նշենք, որ փոխաբերական իմաստով «մանկուրտ» բառը օգտագործվում է իր պատմական և ազգային արմատների հետ կապը կոցրած մարդուն բնորոշելու համար։
![]()