Դայանա Դավթյանի դժգոհությունն ու Գոհար Հարությունյանի արձագանքը

«Միսս Տիեզերք 2019»-ը մրցույթում Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանի ելույթները, մասնավորապես տարազով դեֆիլեն, քննարկվել ու քննադատվել է ինչպես օգտատերերի կողմից, այնպես էլ մասնագետների։

Ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանը նշում է՝ ինքը դժգոհ է Դայանայի ելույթից,  որովհետև նա կաշկանդված է եղել և չի ժպտացել։

Դայանան սոցցանցային գրառմամբ անդրադարձել է քննադատություններին և թվարկել իր ելույթում եղած թերությունների պատճառները։

«Շատերդ երևի տեղյակ եք «Միսս Տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատիի հեղինակած և իմ կողմից ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ բացասական արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել, մինչդեռ զգեստն անհարմար էր՝ ներսից միացված էր «սկրեպներով» և կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես զգեստը հանել հնարավոր չէր, թևերի սուր վերջավորութունները թեքվում էին կողք, գլխազարդը փոքր էր և չէր ֆիքսվում, գոտին լայն էր:

Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով:
Եվ այս ամենից հետո ինչն է զարմանալին ու զարհուրելին՝ զգեստի դիզայները, ազգային տնօրեն Գոհար Հարությունյանի հետ միանալով, որոշեց, որ բացասական արձագանքներից խուսափելու համար կարելի է մեղադրել ինձ՝ իր իսկ ստեղծած զգեստի ձախողման հարցում։ Նա անձամբ ինձ և իր ֆեյսբուքյան էջում վիրավորական և սպառնացող բնույթի ծայրաստիճան գռեհիկ արտահայտություններ է տարածել, ընդհուպ ասել, իբր խմած եմ խոսում իր հետ (ձայնային հաղորդագրություններն առկա են)։ Ոչ ադեկվատ մեղադրանքները պարզաբանում եմ՝

  • 1. Իբրև սանրվածքս սխալ է:
    Սանրվածքի վերաբերյալ ստույգ որոշում չի եղել, խոսքը գնացել է երկու տարբերակի մասին՝ ետևից հավաքած կամ երկու հյուս։ Հյուսերն արել եմ ինքս մի քանի րոպեում՝ օգնող չկար, իսկ առաջին տարբերակը բացառվեց գլխազարդի փոքր չափսի պատճառով:
  • 2. Իբրև շրթներկիս գույնը սխալ եմ ընտրել:
    Շրթներկի մասին ընդհանրապես խոսք չի եղել:
  • 3. Իբրև ձեռքի պարային շարժումը լավը չէր:
    Վերան ասաց ձեռքի պարային շարժման անհրաժեշտության մասին: Տնօրենին տեղեկացնելուց հետո նրա պատասխանն էր՝ հայկական պարի շարժում չգիտե՞ս։
  • 4․Չեմ ժպտացել։
    Վերան հենց ինքն էր պատվիրել չժպտալ՝ բացատրելով, որ տարազի հետ ժպիտն անհամատեղելի է: Իսկ հիմա տնօրենի հետ մեղադրում են ինձ չժպտալու մեջ:
  • 5. Գոտին կախ էր ընկած:
    Գոտին ուներ մեկ ամրացման տեղ և երբ զգեստը փորձելու ժամանակ ասացի, որ այն լայն է իմ գոտկատեղից, Վերան պատասխանեց, որ թող գոտկատեղից ներքև ամրանա:
  • 6. Իբրև գլխազարդը թասի նման էր դրված։


Գլխազարդը վերջին օրը փոխարինեցին նորով, որը փոքր էր գլխիս չափից և չէր ֆիքսվում:

Իսկ ինչ վերաբերվում է ազգային տնօրենի այն հայտարարությանը, թե իբրև ճնշվել եմ մյուս մասնակիցների փայլփլուն և հարուստ տարազներից և ընկճված ներկայացել, ապա դա ընհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ասեմ, որ մասնակցել եմ բազմաթիվ ցուցադրությունների և երբեք չեմ դժվարացել լավ ներկայացնել ցանկացած հագուստ՝ անկախ նրանից ճաշակովս է այն, թե՞ ոչ:

Անգամ ամենապրոֆեսիոնալ մոդելներն ու գեղեցկության մրցույթի մասնակիցները կարող են ոչ լիարժեք բավարարված լինել իրենց ելույթով, նույնիսկ եթե հաղթող են ճանաչվում: Դա խոսում է նրանց՝ իրենց իսկ նկատմամբ պահանջկոտ լինելու մասին: Այդպես է ցանկացած բնագվառում:

Երբ Վերային ասացի, որ ես նույնպես կարող եմ համացանցով պատասխանել, սակայն ի տարբերություն իրենց,ճշմարիտ նկարագրել իրավիճակը, նրա պատասխանն էր. «Ես Գոհարի հետ եմ և եթե տենց բան անես, ապա քեզ պախարակող բան կանենք, խայտառակություն կլինի քո համար» (բառացի մեջբերում ձայնային հաղորդագրությունից, որը կարող եմ տրամադրել): Իսկ ազգային տնօրենը սպառնում է հրավիրել մամուլի ասուլիս և տիտղոսազրկել ինձ՝ ճշմարտությունը բարձրաձայնելու դեպքում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ