![]()
Դեկտեմբերի 11-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարները, հրամանատարները։ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը ՃՈ բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է դեկտեմբերի 14-ից անցնել ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական և տոնական օրերին հանրապետությունում անվտանգ երթևեկության ապահովումն է։
Մայրաքաղաքի գրեթե բոլոր խաչմերուկներում և հանրապետության բոլոր ճանապարհներին 24 ժամ ծառայություն կիրականացնեն Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը։ Եգոր Կարապետյանը հանձնարարել է անհանդուրժող լինել, ներողամտություն չցուցաբերել ոչ սթափ վիճակում գտնվող և երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ։
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի անձնակազմին ցուցում է տրվել տոնական և նախատոնական օրերին իրականացնել անխափան ծառայություն, պատասխանել և ուղղորդել բոլոր զանգահարողներին։
Հաշվառման և քննական ստորաբաժանումների ղեկավարությանը հորդորվել է բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում, մատուցել միայն բարձրորակ ծառայություն։ Հանրապետության սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկաններին ցուցում է տրվել հետևել համազգեստի կոկիկությանը, քաղաքացիների հետ շփումներում լինել գրագետ ու բարյացակամ։
![]()