![]()
Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (TRACECA) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ Բաքու մեկնած պատվիրակությունը նախօրեին վերադարձել է Երեւան:
Ու չնայած միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության նիստի ընթացքում հայ եւ ադրբեջանցի պատվիրակների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ Հայաստանից մեկնած պատվիրակների (ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյան եւ ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյան) անվտանգությունը Ադրբեջանում ապահովված է եղել 24-ժամյա ռեժիմով: Այդ մասին երեկ մեր զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը.
— Պարոն Սիմոնյան, ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը եւ զգացողությունը Բաքվում: Ձեր անվտանգության առումով մտավախություն ունեի՞ք:
— Պետք է ասեմ, որ անվտանգության առումով շատ բարձր մակարդակի էր ամեն ինչ կազմակերպված: Հենց օդանավակայանից մեզ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ դիմավորեցին: Մենք կանգ էինք առել «Հիլթոն» հյուրանոցում. 24-ժամյա ռեժիմով մեր համարի մոտ հերթապահում էին, վերահսկում մեր ամեն քայլը: Մինչ մեկնելը մենք նոտա էինք ստացել իրենց անվտանգության աշխատակիցների կողմից, որ մեր անվտանգությունը ապահովվելու է. իհարկե ամեն ինչ կարող էր լինել, բայց ամեն ինչ լավ անցավ:
— Լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ միջադեպ է տեղի ունեցել ձեր եւ ադրբեջանցի մասնակիցների միջեւ:
— Նիստը նախատեսված էր դեկտեմբերի 6-ին. ամեն երկրին մոտ 5 րոպե էր հատկացված, որպեսզի ներկայացնեն, թե TRACECA-ն ինչ է տվել իրենց, ինչ խնդիրներ կան: Տրամադրված ժամանակի շրջանակներում ես բարձրացրի նախատեսվող միջոցառումների հարցը, թե ինչու է օրակարգում ներառված այցելություն Ադրբեջանի պատվո հուղարկավորության պուրակ, ինչ կապ ունի դա TRACECA-ի օրակարգի հետ: Այսինքն՝ խոսեցի կառույցի էֆեկտիվության մասին՝ ընդգծելով, որ պետք է որոշակի քայլեր ձեռնարկել այն բարձրացնելու ուղղությամբ:
Այդ համատեքստում խոսեցի նաեւ այն մասին, որ Եվրախորհուրդը ժամանակին ֆինանսավորում էր այդ կառույցը, հիմա ֆինանսավորում չկա: Հարցրի՝ արդյո՞ք չէր լինի բեռնափոխադրումների այն ծավալը, որ գոյություն ունի այդ կառույցի անդամ երկրների միջեւ, եթե չլինի TRACECA-ն: Այսինքն ո՞րն է TRACECA-ի դերը այդ բեռնափոխադրումների ծավալների մեջ:
![]()