![]()
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին: Նա խոսել է Մարտի 1-ի գործի քննության, հասարակության կողմից իր հասցեին հնչող մեղադրանքների, քաղաքական դաշտի ու Արցախի ընտրությունների մասին: Մարտի 1-ի քրգործը Քոչարյանը շինծու է համարել, ասել՝ այն չի կարող իրավական հեռանկարներ ունենալ, այդուհանդերձ նշել է՝ այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտությամբ:
Հարցին՝ ինչո՞վ է բացատրում այն, որ հասարակության մի շերտ դեմ է իր կալանքը վերացնելուն, երկրորդ նախագահը նշել է, որ իր նախագահության առողջ քննադատությանը ինքը պատրաստ է:
«Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպես կանոն, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես: Մենք համբերատար բացատրում ենք մարդկանց տեղի ունեցողի էությունը: Մեր գնահատականներով՝ մարդկանց վերաբերմունքը բառացիորեն օրըստօրե փոխվում է»,- ասել է նա:
Խոսելով Արցախում կայանալիք նախագահական ընտրություններից և բանակցային գործընթացից, հարցին՝ ի՞նչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, և ո՞ւմ է տեսնում Արցախի նախագահի պաշտոնին՝ որպես այս փուլում արժանի իրավահաջորդի, Քոչարյանը պատասխանել է, որ բանակցային գործընթացում Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Նրա կարծիքով՝ միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից:
«Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը»,- նշել է Քոչարյանը:
Նա ընդգծել է՝ Արցախին պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ, հույս է հայտնել, որ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
![]()