![]()
Ռուսաստանի «Առաջին ալիքը» վավերագրական ֆիլմ է պատրաստել պետական «Էրմիտաժի» գլխավոր տնօրեն Միխայիլ Պյոտրովսկու մասին, որը դեկտեմբերի 9-ին դարձել է 75 տարեկան:
«Պահապանը» («Хранитель») ֆիլմի նկարահանման մի մասը տեղի է ունեցել Երևանում, որտեղ 1944թ. ծնվել է անվանի ակադեմիկոսը:
Ֆիլմում Պիոտրովսկին ցուցադրել է իր ծննդավայրը հին Երևանում: Նա խոսել է իր ընտանիքի մասին, որում միանգամից մի քանի մտավորականներ կային: Պիոտրովսկու հետ հեռուստաալիքի նկարահանող խումբը զբոսնել է Օպերայի թատրոնի մոտակայքում գտնվող Հյուսիսային պողոտայով:
«Իմ հայերեն անունը Միքայել էր: Դա նույն անունն է, ինչ Միխայիլը. անունը թարգմանվել է»,- ասում է Պիոտրովսկին:
«Էրմիտաժի» տնօրենը ցույց է տվել այն տունը, որում ծնվել է, և որտեղ այժմ տեղադրված է իր հոր՝ նշանավոր հնագետ Բորիս Պիոտրովսկու կիսանդրին:
Երևանի կենտրոնում Միխայիլ Պյոտրովսկին հանդիպել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանին, որը շնորհավորել է ակադեմիկոսին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալու կապակցությամբ: Վավերագրական ֆիլմում ցուցադրվել են նաև մրցանակ հանձնելու կադրերը:
![]()