![]()
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ 10 տարի Հայաստանը ղեկավարած ու հեղափոխությամբ մերժված նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել մոտ 1 մլն դոլարի դիզվառելիքի հափշտակության կոռուպցիոն գործարք կազմակերպելու համար, ասաց.
«Ես սպասում էի, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք կներկայացվի Մարտի 1-ի գործով, Մարտի 1-ի հանցագործությունների փնջում մասնակցություն ունենալու մասով, բայց եղավ դիզելի գործով։ Հանրության մեջ արդեն ծիծաղ ու հեգնանք կա, որ Քոչարյան Ռոբերտին ներվայնացնելու համար են այդպիսի մեղադրանք ներկայացրել»։
Լևոն Բարսեղյանը կարծում է, որ այս մեղադրանքը միայն սկիզբն է, սակայն նա վերապահում ունի ՀՔԾ և ԱԱԾ մի շարք աշխատակիցների մասով, որոնք «անվերապահորեն ծառայել են» Սերժ Սարգսյանին:
«Շատ մեծ է ռիսկը, որ առանց լյուստրացիայի, առանց այդ համակարգերի խորքային մաքրման՝ այդ աշխատակիցները կարող են իրենց աշխատանքում այնպես թերանալ, որ դժվար բացահայտելի լինի»,- ասաց նա:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի մեղադրանքն «օդ է»՝ հավելելով. «Տեսնեմ՝ քանի՞ գլխանի է ՀՔԾ-ն, այս իշխանությունը, եթե փորձի թույլ չտալ ՀՀԿ-ի պատվիրակությանը քաղաքական օրակարգով գնալ արտերկիր կամ Արցախ»։ Հարցին՝ սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ կարող է անել ՀՀԿ-ն հակառակ պարագայում, Բարսեղյանը պատասխանեց.
«ՀՀԿ-ն, ինձ թվում է, ոչինչ էլ չի կարողանա, ինչքան վնաս կարողացել, տվել է ՀՀ-ին և ժողովրդին։ Պիտի դիմի ՀՔԾ-ին Սերժիկ Սարգսյանը՝ ելքի թույլտվություն ստանալու համար, այս կամ այն միջոցառմանը մասնակցելու համար։ Հետաքրքիր է՝ Աշոտյանն ի՞նչ է անելու, եթե ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին թույլ չտա դուրս գալ ՀՀ տարածքից։ Երևի հացադուլ կանի, թող անի, թող փորձի։ Մյուս հացադուլ անողները ՀՀ քաղաքացի չե՞ն։ Գետնին պառկողները ՀՀ քաղաքացի չե՞ն։ Թող իրենք էլ պառկեն։ Մելիք-Ադամյանը թող ծայրից ծայր փակեն, պառկեն, ասեն՝ մեր Սերժիկին թույլ չեք տալիս դուրս գա ՀՀ-ից։ Մեղադրանք է ներկայացված, ո՞վ է մեղավոր»:
![]()