![]()
Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանում ղարաբաղյան կարգավորման որեւէ հույսեր չեն կապում, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում անցած քննարկմանն ասաց Ադրբեջանի լրագրող Սեւինչ Օսմանքիզին, ով ստիպված է արտերկրում բնակվել հայրենիքում իր նկատմամբ հետապնդումների պատճառով.
«Նա այցելում է օկուպացված Շուշա, երջանիկ գինի վայելում, պարում: Նա արդեն իսկ 3 թե 4 անգամ այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ՝ դա չէր արել Հայաստանի եւ ոչ մի ղեկավար, քանի որ եթե դու խաղաղ բանակցություններ ես վարում, չպետք է այցելես օկուպացված տարածքներ, իսկ Փաշինյանը նույնիսկ ասաց, թե սա հայերի հողն է»։
Օսմանքիզիի կարծիքով, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին ձեռնտու է ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը.
«Ավտորիտար ղեկավարներին թշնամի է անհրաժեշտ եւ եթե այդպիսին չկա, նրանք ստեղծում են այդ թշնամուն մարդկանց համախմբելու համար: Կարծում եմ, դա անում են թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում»:
Քննարկմանը մասնակցող «Ամերիկայի Ձայն»-ի նախկին թղթակից, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը, ով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականն էր, նշեց, որ Սեւինչ Օսմանքիզին փոքր-ինչ սխալվում է ու եթե Հայաստանի նախկին ռեժիմն իրոք օգտագործում էր ղարաբաղյան հակամարտությունն իշխանությունը պահելու համար, ապա ներկա իշխանություններն այլեւս դրա կարիքը չունեն:
«Հայաստանի Թավշյա հեղափոխությունը փոխեց հակամարտության համատեքստը եւ բազմաթիվ այլ բաներ տարածաշրջանում», համոզված է Խառատյանը:
![]()