![]()
Երեւանի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստի օրակարգում այսօր ընդգրկված էր միայն մեկ հարց: Քննարկվում էր մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 270 միլիոն դրամով ավելացնելու նախագիծը, որն էլ ավագանու հավանությունը ստացավ:
Մինչեւ այս, Նոր տարվա միջոցառումների համար համայնքային բյուջեից հատկացված գումարը կազմել էր 54 միլիոն դրամ, որին գումարվել էր ՀՀ պետական բյուջեից հատկացված 271 միլիոն 797 հազար դրամը: Այսպիսով, երեք հատկացումները միասին Երեւանում Ամանորի տոնակատարությունն անցկացվելու համար նախատեսված ընդհանուր գումարը կազմում է 541 միլիոն դրամ կամ շուրջ 750 հազար դոլար:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ելույթում փաստեց, որ իսկապես ունենալու ենք աննախադեպ Ամանոր, արվելու է աննախադեպ մեծ ծախսեր, քանի որ վերջին տարում տոնական ծախսերի համար նախատեսված գումարը չի գերազանցել 40-50 միլիոն դրամը:
«Նախորդ տարվա ամանորյա տոնածառը 75 հազար դոլարով ձեռք բերվեց: Այն ժամանակ բազմաթիվ շրջանակներում եւ հասարակության մեջ քննարկվեց այս հարցը, բայց մենք առանձնապես դժգոհություններ չհայտնեցինք: Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին՝ շուրջ 750 հազար դոլար, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
Նա նաեւ հարցադրում արեց, թե ինչո՞ւ են երկաթյա կոնստրուկցիաներով ժամանակավոր կամրջի կառուցմանը նախատեսում ուղղել ավելի քան 40 մլն դրամ, եթե բազմաթիվ չլուծված խնդիրներ կան Երեւանում:
«Հնգամյա զարգացման ծրագրից հանել եք մի շարք վերգետնյա անցումների կառուցումը, որը խիստ անհրաժեշտ է: Երեւի թե հանել եք գումար չունենալու համար, օրինակ, Մյասնիկյան պողոտայում, որտեղ սրված վիճակ է: Ունենք փլվող շենքեր, շենքը փլվում է մարդկանց վրա, մենք 320 մլն դրամ տալիս ենք (համայնքային բյուջեից), որ Նոր տարվա միջոցառումներ անե՞նք: Սա արդեն իսկապես ամենաթողություն է: Ուզում ենք, որ անցնի չքնաղ, բայց այդ գնո՞վ»,- ասաց նա: Նա մտավախություն հայտնեց, որ մյուս տարի էլ կարող է նախատեսված գումարը տասնապատկվել: Թեհմինա Վարդանյանի այս հարցադրումները պատասխան չստացան՝ ըստ կանոնակարգ չէին էլ ենթադրում:
Մայրաքաղաքի 750 հազար դոլար արժողությամբ տոնական միջոցառումներն ու զարդարանքներն հատկապես լինելու են Հանրապետության հրապարակում. շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք: Ինչպես ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ:
Նախորդ օրն էլ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնել էր միջոցառումներն այս տարի իրենց ձեւաչափով լինելու են աննախադեպ: «Այս տարի սպասվում է նաեւ զբոսաշրջիկների զգալի հոսք»,-նշել էր Վիրաբյանը:
Եվ ինչպես արդեն հայտնել էինք, գլխավոր իրադարձությունը լինելու է Նոր տարվա գիշերը Հանրապետության հրապարակում աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի եւ նրա նվագախմբի համերգը:
Երեւանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ավագանու անդամներից մեկը հարցով դիմեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե պետբյուջեից որքա՞ն գումար է հատկացվել Բրեգովիչին Երեւան հրավիրելու համար: Հայկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ չէ՝քանի որ դրանով չի զբաղվում: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նկատեց, որ հարցը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին պետք է ուղղել, որն այս պահին արձակուրդում է:
![]()