«Մենք սահման ենք պահում, որ իրենք էստեղ նստած 2 մլն աշխատավարձ ստանա՞ն». արծվաշենցիները բողոքում են կառավարության դեմ

Կառավարության շենքի առջև քաղաքացիների տարբեր խմբեր բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ամեն մեկը  բարձրաձայնելով իր խնդիրն ու ակնկալելով պետական որևէ պաշտոնյայի հետ, հիմնականում վարչապետի, հանդիպում:

Այստեղ են  նաև Արծվաշենի նախկին բնակիչները, որոնք տարիներ շարունակ պահանջում են դեռևս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը: Նրանք նշում են, որ 2009 թվականից խոստացած փոխհատուցումը դեռ չի տրվել: Արծվաշենցիներն ասում են, որ հանդիպել են վարչապետի, նախարարների, մարզպետի, համայնքապետի հետ, որևէ բան չի փոխվել:

«Մենք այդ գյուղը հայ ազգի համար ենք նվեր տվել, մատաղ արել: Ապրում ենք տարբեր սահմանապահ գյուղերում, հիմնականում Ճամբարակում,  մեր տները փայտյա են, փլվում են: 2009 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել նյութական կորուստները  փոխհատուցելու համար վճարել 6 միլիարդ դրամ: Այսքան ժամանակ տրվել է 708 միլիոն դրամ, 2000 հոգի է օգտվել դրանից, շունչը ստացել է 360 հազար դրամ: Նախկին, ներկա իշխանությունների ժամանակ մեր հարցն առաջ չի գնում: Ուզում ենք իմանալ՝ ինչո՞ւ է սառած հարցը»,-ասաց բողոքող արծվաշենցիներից մեկը:

«Արծվաշեն և որդիներ» հայրենակցական ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը նշեց, որ այստեղ են հավաքվել հայրենիք կորցրած մարդիկ, նրանց զավակների մեծ մասն այսօր Հայաստանի հյուսիս-արևելյան  սահմաններն են պաշտպանում, դիրքերում են: Նա ասաց, որ արծվաշենցին այս պահին անտեսված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ