![]()
Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր Աբովյանում՝ ադամանդանդագործական ընկերության արտադրամասի բացմանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկինում Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» գործարանը ետ վերադարձնելու հետ կապված դատական գործընթացին:
Սուքիասյանն ասաց, որ իր տեղեկություններով գործարանի հետ կապված իրավական գործընթացը շարունակվում է, որովհետեւ այնտեղ տարբեր ժամանակներում աշխատած մարդկանց տարբեր ժամանակներում կանչել են հարցաքննության:
«Այդ գործարանը խլվել է անօրինական, էդ գործարանը պետք է հետ վերցվի իրավական ճանապարհով: Ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ ամբողջը կեղծ փաստաթղթերով»,- ասաց Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ 2009 թվականին «Բջնի» հանքային ջրերի գործարանը կրկնաճուրդով գնեց գործարար Ռուբեն Հայրապետյանը: Սուքիասյանները, ինչպես նաեւ հայաստանյան ընդդիմության շատ ներկայացուցիչներ «Բջնի» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական հալածանք են համարում, քանի որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով այն մասին, թե նախկին իշխանությունների օրոք ինչ է տեղի ունեցել գործարանների եւ մասնավորապես Աբովյանում գործող կիսահաղորդչային սարքերի «Սիրիուս» գործարանի հետ, Սուքիասյանն ասաց, որ 14 տարի այնտեղ աշխատել է եւ գիտի, որ Սերժ Սարգսյանի համագյուղացին քանդել է այդ գործարանը:
«Ես էդ զրույցը ունեցել եմ երրորդ նախագահի հետ, որ ձեր գյուղի տղան թալանում է, քանդում է: Գնացեք, նայեք՝ 100 հազար քառակուսի մետրանոց գործարան է»,- պատմեց Սուքիասյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն իր ահազանգին ի պատասխան ասել է՝ «Ախպեր այդպիսի բան չկա»:
Գործարարը լրագրողներին խնդրեց գնալ եւ նայել, թե ինչպես են «շենքերի պատերից մարմարը քանդել, տարել, առաստաղը որպես երկաթ վաճառել այլ երկրի, ստանոկները չեն կարողացել քանդել՝ կռանով են պոկել տարել»:
Սուքիասյանը խոսեց նաեւ այն մասին, թե նախկին իշխանությունները ինչ են պատասխանել գործարարներին, որոնք ցանկացել են ՀՀ-ում ներդրում անել:
«Ես ընդունել եմ էս երկու օրը արտասահմանից եկած այնպիսի մարդկանց, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ: Երկար զրույցներ եմ ունեցել նրանց հետ: Իրենցից եղան մարդիկ, որոնք ասացին՝ տարիներ առաջ մենք եղել ենք այստեղ: Եվ պատմեցին՝ ինչ է եղել, երբ եկել են, ուզեցել են գործարան հիմնել…Ի՞նչ է եղել, բոլորը ուզեցել են փայ մտնել: Բոլորը: Որ դուռը գնացել են՝ ուզեցել են խոսեն, պայմանավորվեն, որ գան ՀՀ-ում նույն աշխատանքը կատարեն՝ տարբեր պայմաններ են դրել»,- ասաց Սուքիասյանը՝ չցանկանալով անուններ նշել:
Իսկ այն, ինչ հիմա տեղի ունենում երկրում՝ ըստ գործարարի ամբողջովին հակառակն է այն ամենի, ինչ եղել է մինչ հեղափոխությունը:
![]()