![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները՝ կից նշելով.
«Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Պարզապես ևս մեկ փաստ Նոր Հայաստանի մասին»:
Հիշեցնենք, որ նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այսօր նախագահ ընտրեց հանձնաժողովում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանին:
Հանձնաժողովը ձևավորվել է անցած շաբաթ ԱԺ-ում, հինգ անդամներից 2-ը ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են, մեկը՝ իշխող «Իմ քայլի», իսկ մյուս երկուսը իշխանության գործադիր և դատական ճյուղերն են ներկայացնում:
Նախագահի պաշտոնի համար ինքնառաջադրվեցին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» քվոտայով ընտրված Հայկուհի Հարությունյանը և իշխող «Իմ քայլի» քվոտայով ընտրված Էդգար Շաթիրյանը։ Ձայների մեծամասնությամբ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, նրան կողմ քվեարկեցին ԲՀԿ-ի, կառավարության և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) քվոտայով ընտրված անդամները:
Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Էդգար Շաթիրյանը չի հերքում՝ ինքը ևս լսել էր կարծիքներ, որ նախագահի հավանական թեկնածուն ինքն է: Ասում է՝ քվեարկության արդյունքները գալիս են ապացուցելու, որ իրենց աղբյուրներին հղում անող լրատվամիջոցները սխալվել են, կանխատեսելով, թե նախագահի պաշտոնում պարտադիր իշխանության որևէ թևի կողմից առաջադրված թեկնածուն պետք է ընտրվեր:
![]()
![]()