«Վանեցյանը քաղաքականապես որբ է․ հարցն այն է, թե ում կծախվի…». Արման Բաբաջանյան

Factor.tv-ին տված հարցազրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել է.

«Գիտեք՝ կարծում եմ, որ առհասարակ Հայաստանի անվտանգությունն իրապես սպառնալիքի տակ է, քանի որ Հայաստանը կարող է իրեն շռայլություն թույլ տալ Վանեցյանի նման պարզունակ, համապատասխան հմտություններ, հասունություն, գիտելիքներ չունեցող մեկին ԱԱԾ տնօրեն կարգել։ Այս իմաստով սա հեղափոխության, նրա թիմի, առաջնորդի ամենամեծ բացթողումն է եղել։

Ավելին, այս հայտարարությունն ինձ համար այլևս նորություն չի կարող համարվել, քանի որ դրան նախորդած բազմաթիվ հայտարարություններից հետո ես առաջարկել եմ միջոցներ ձեռք առնել և ինչ-որ ձևով մեկուսացնել պարոն Վանեցյանին, որովհետև նա նույնիսկ պաշտոնաթողությունից հետո ուղղակի չի պատկերացնում իր հայտարարությունների, իր արտահայտած մտքերի կշիռը։

Հետևաբար, երբ մարդն անմեղսունակության աստիճանի փորձում է հոդաբաշխ մտքեր արտահայտել, լրատվամիջոցներն էլ դրանց մեծ կարևորություն և մեծ նշանակություն են տալիս, ա՛յ, սա արդեն սպառնալիք է երկրի անվտանգության համար։

Որովհետև տպավորություն ունեմ, որ Վանեցյանն ինքը միացել է հիբրիդային այն պատերազմին, որը վարում են նախկին ռևանշիստները, որոնք փորձում են իրենց փաթեթավորել ընդդիմության շղարշով, բայց անհաջող։ Կարծում եմ՝ Վանեցյանը և նրան սատարող քաղաքական ուժերն ու գործիչները պիտի ուղղակի երանի տան, որ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։

Եթե հեղափոխությունն իսկապես շարունակվեր հեղափոխության տրամաբանությամբ, ո՛չ Վանեցյանը, ո՛չ նրան շրջապատող և այսօր նրանով ոգևորվող շրջանակներն իրենց հանգիստ չէին զգա և կգտնվեին համապատասխան տեղում։»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ