![]()
Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Տեղեկությունը նա հաստատեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Նշեց, որ առայժմ հստակ չէ, թե որ ակումբի կողմից կառաջադրվի: Դեռ պետք է նաեւ պատրաստի ծրագիրը, որով ներկայանալու է:
«Չգիտեմ, այդ մեկը կնայենք, կտեսնենք՝ ով կառաջադրի: Ես իմ թեկնածությունը տալիս եմ: Ծրագիրը կպատրաստեմ, դեռ 1 ամիս կա: Լավ ծրագիր է լինելու, օգտակար կլինի ֆուտբոլին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր հայտարարությունից հետո բազմաթիվ դրական արձագանքներ է լսել:
Մի բան հստակ է: Հովհաննիսյանի հիմնական նպատակներից է լինելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հասցնելը: Նա գիտի, որ դա բարդ առաջադրանք է, բայց հասկանում է, որ երկրպագուների երազնանքն է:
«Շատ դժվար է դրան հասնելը, բայց պետք է աշխատենք դա իրականություն դարձնել»,- ասաց նա:
Այս պահին, բացի Հովհաննիսյանից, այլ թեկնածուներ չկան, որոնք բարձրաձայնել են նախագահ դառնալու ցանկության մասին: Ամեն դեպքում անուններ շրջանառվում են: Նրանց թվում են ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ փոխնախագահ Ամեն Նիկողոսյանը: Նրանց աշխատանքով, սակայն, Հովհաննիսյանը տպավորված չէ, բայց հատուկ թերացումներ չի ցանկանում առանձնացնել: Նշում է միայն, որ հավանություն չի տալիս իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսին հրավիրելուն: Ըստ Հովհաննիսյանի՝ նման որոշում ավելի ճիշտ կլիներ որեւէ ակումբի, սակայն ոչ ֆեդերացիայի համար:
«Արդեն 1.5 տարի է՝ աշխատում են: Նրանց աշխատանքն արդեն պարզ չէ՞: Չեմ ուզում փակագծերը բացել: Բոլորն էլ աշխատում են, իրավունք ունեն, կուզենան, թող առաջադրվեն, իսկ ընտրությունը կմնա ֆուտբոլային աշխարհի ձեռքում: Ում կգտնեն արժանի, թող նրան էլ ընտրեն: Ես նայում եմ արդյունքներին:
Մարդիկ աշխատել են, որքան կարողացել են, իսկ աշխատանքը երեւում է արդյունքներից: Ուղղակի ես դեմ եղա, որ բերել են իսպանացուն: Կարելի էր լուրջ քննարկել մասնագետների հետ, թե ինչ անել: Հիմա իրենք իրենց ձեւով մտածել, արել են:
Չգիտենք՝ վաղը լա՞վ կլինի: Նրանք կարող էին բերել ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի ինստրուկտորներ: Գային իրենց ծրագրով, տային մեր հայկական ֆուտբոլին: Որ ակումբը կուզեր, կմասնակցեր, որը չէր ուզի, չէր մասնակցի»,- ասաց նա:
![]()