Հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականի հուլիսի 4-ին։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որն ավարտելուց հետո` 1947 թվականին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր` ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։
1953թ. տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ.Վաղարշյան)։ 1959թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու հայ կինոյի պատմության ինքնատիպ անունների շարքում։