«Միսս Երևան» ճանաչված 18-ամյա Անգելինան՝ հաղթանակի ու ավտոմեքենա նվեր ստանալու մասին

«Միսս Երևան» մրցույթում հաղթեց Անգելինա Տանանյանը։ Նա 18 տարեկան է, սովորում է երաժշտական քելեջում։

Մրցույթին մասնակցելով՝ 18-ամյա աղջիկն առաջին փորձն է արել մոդելային ասպարեզում։ Հետագայում մտադիր է շարունակել աշխատել այս ոլորտում, ինչպես նաև ներկայանալ երաժշտական ասպարեզում։

«Որոշեցի ինձ փորձել նոր ասպարեզում։ Հիմա աշխարհի ամենաուրախ մարդն եմ, քանի որ ներկայացնելու եմ իմ քաղաքը։ Կցանկանայի պատվով ներկայացնել այն։ Կարծում եմ՝ այդպես էլ կլինի»,- ասաց նա։

Մրցույթի մասնակիցները 1 տարի չամուսնանալու պայմանագիր ունեն։ Անգելինան այս որոշումը հեշտ է կայացրել։

Հաղթողի նվերն ավտոմեքենա է։ Անգելինան դեռ չգիտի մեքենա վարել, բայց առաջիկայում կսովորի։ «Մրցույթին մասնակցելիս ինձ համար առաջնայինը փորձ ձեռք բերելն էր, որպեսզի հետագայում ներկայանամ մոդելային ասպարեզում։ Մեքենայի մասին իմացել եմ վերջում, երբ եկել եմ քասթինգի»,- ասաց նա։

Իսկ այն հարցին, որ սա նաև հայտնիություն ձեռք բերելու փորձ էր, ակնկալո՞ւմ էր, որ կհաղթի, նա պատասխանեց. «Ես մտածում էի, որ կհաղթեմ, բայց չգիտեի կոնկրետ որ….», այսքանով Անգելինայի պատասխանը կիսատ մնաց, քանի որ մրցույթի կազմակերպիչը թույլ չտվեց շարունակել խոսքն ակնկալելի հաղթանակի մասին։ «Վերջ, հետո կպատասխանի բոլոր հարցերին, այսօր շատ հուզված է», — ասաց նա ու տարավ գեղեցկուհու տիտղոսակրին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ