![]()
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «գանգուղեղային վնասվածք, քթոսկրի կոտրվածք և քերծված վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Դ. Հ.-ն է, ով, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու:
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներ ստանալով ու իրացնելով, Նալբանդյան և Կորյուն փողոցների խաչմերուկից նշված միջադեպին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Ա. Բ.-ին, Երևանի բնակիչ, 21-ամյա Դ. Գ.-ին, Արցախի Հանրապետության բնակիչ, 19-ամյա Ա. Ք.-ին, Երևանի բնակիչ, 18-ամյա Ֆ. Գ.-ին, Արմավիր քաղաքի բնակիչ, 21-ամյա Խ. Ա.-ին, Ծիածան գյուղի բնակիչ, 19-ամյա Ա. Ս.-ին, Չինչին գյուղի բնակիչ, 20-ամյա Տ. Գ.-ին, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Դ. Ք.-ին, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Է. Ա.-ին և Արմավիր քաղաքի բնակիչ, 20-ամյա Ա. Ա.-ին: Վերջիններն ուսանողներ են:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք հրաժարվել են ոստիկանությունում կատարվածի մասին բացատրություններ տալուց և բաց են թողնվել, իսկ տուժածը ոստիկանության ծառայող է և վիճաբանություն-ծեծկռտուքը կապ չունի նրա մասնագիտական գործունեության հետ: Խնդիրը եղել է ինչ-որ աղջկա հարց: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
![]()