«Ալրաղացի Լյովիկ»-ից՝ «Մսաղացի Լյովիկ»․ ինչպե՞ս բանվորը դարձավ ՀՀԿ-ական պատգամավոր

Նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ։ Լևոն Սարգսյանը հետախուզվում էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից՝ 11 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման գործի շրջանակներում:
Սարգսյանը եղել է ԱԺ պատգամավոր 1999-ից մինչև 2012 թվականը, չնայած նրա անունը մեծամասամբ կապվել է ոչ թե օրենսդիր գործունեության, այլ՝ աղմկահարույց դեպքերի ու քրեական գործերի հետ:

«Աշխատանք» կամավոր մարզական ընկերությունում Լևոն Սարգսյանն աշխատել է որպես բանվոր: 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում: «Սիրիուս» գործարանում փականագործի աշխատանքից հետո դարձել է Երևանի ալրաղացի գործարանի պահեստապետ, փոխտնօրեն, իսկ 2002 թվականին նշանակվել է «Երևանի ալրաղաց» ՓԲԸ նախագահ:

Լևոն Սարգսյանը՝ որպես պատգամավոր

Լևոն Սարգսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել 1999, 2003, և 2007 թվականներին և եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։ Նրա պատգամավորական գործունեության հայտնի դեպքերից մեկը գրանցվեց 2002 թվականին, երբ ԱԺ նիստերի դահլիճում հարձակվեց ամբիոնի մոտ ելույթ ունեցող  պատգամավոր Արամայիս Բարսեղյանի վրա և հարվածեց նրան:

Ի՞նչ առնչություն ունի Լևոն Սարգսյանը «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պնդում է, որ Լևոն Սարգսյանն այն օլիգարխներից է, որն ակտիվ դեր է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին և հանդիսացել է այն հենակետը, ում օգտագործել են ժողովրդի դեմ։

«Ալրաղացի Լյովիկ»-ից՝ «Մսաղացի Լյովիկ» կամ՝ «Օդնոկլասնիկ» սրճարանի դեպքը 

Նրան այսպես անվանեց  Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի նախկին ղեկավար Արթուր Սահակյանը՝ «Օդնոկլասնիկ» սրճարանում տեղի ունեցած դեպքերից հետո:

2008 թվականի սեպտեմբերի 29-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի` Երևանի բնակչուհի Մարինե Մադաթյանը, որը հայտնի էր «Ալրաղացի Լյովի ընկերուհի»,  և «ՀՀԿ-ի Մարիշ» անվանումներով, ոստիկանությանը հայտնել էր, որ ինքն իր ծանոթ Արմեն Սարգսյանի հետ Երևանում հայտնաբերել են Արթուր Սահակյանի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է Անդրանիկ Բաբայանը: Վերջինիս ծեծի ենթարկելուց հետո նրան մահամերձ վիճակում տարել և գցել են Արթուր Սահակյանին պատկանող «Օդնոկլասնիկ» սրճարան, այնտեղից նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և մահացել է:

Մամուլի հրապարակումների համաձայն` այդ օրն «Ալրաղացի Լյովը» հեռախոսով սպառնացել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանին, որ մինչև իրենք սրճարանից չհեռանան, ոստիկաններ չուղարկի:

2019 թվականի նոյեմբերի 21-ին Սարգսյանին ձերբակալելու որոշումից հետո Ռուսաստանի Դաշնությունից նրան Հայաստանի Հանրապետությանն արտահանձնելու գործընթացն իրականացնելու համար ՀՀ դատախազությունը նախապատրաստում է այդ նպատակով ռուսական կողմին փոխանցվելիք փաստաթղթերի փաթեթը։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ