Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ. նոյեմբերի 25-ից բեռնարկղերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղի, 2/14 հասցեում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այսպիսով, նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի  Գյումրի քաղաք։

«Իսկ մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է ք. Երևանը, կմաքսազերծվեն Երևանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 18-ից սկսած սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները ևս կմաքսազերծվեն Գյումրիում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, մաքսատունն ամբողջովին պատրաստ է նաև ավտոքարշակների սպասարկումն իրականացնել, իսկ նոյեմբերի 25-ից նաև բեռնարկղերով ներմուծվող:

«Նոր մաքսատունը պատրաստ է նաև ավտոքարշակներով մեքենաներին սպասարկել,  իսկ նոյեմբերի 25-ից,  ինչպես հայտարարել էինք, ամեն ինչ անելու ենք, որ սպասարկենք սահմանը բեռնարկղերով հատած մեքենաները: Դրանք միակն են, որ մնացել են սպասարկվելու Երևանում: Այն պահից, երբ դրանք էլ կտեղափոխենք այստեղ, կարող ենք հայտարարել, որ մեքենաների մաքսազերծման ամբողջ գործընթացը տեղափոխեցինք Գյումրինշեց Շուշանիկ Ներսիսյանը՝ տեղեկացնելով, որ Նորագավիթի մաքսատունը կգործի մինչև տարեվերջ: «Մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է Երևանը, կմաքսազերծվեն Նորագավիթում: Կարծում եմ, դրա համար Նորագավիթը կշարունակի գործել մինչև տարեվերջ»,- հավելեց նա:

Թեև կառույցի շինարարությունը դեռ  ամբողջովին ավարտված չէ, արդեն իսկ գործող շենքային պայմաններն ու աշխատակիցների մեծ թիվը բավարար է արագ գործընթացն իրականացնելու համար: Նոր մաքսատանը միայն ավտոքարշակների սպասարկման համար կա 12 ձևակերպող տեսուչ: «Այստեղ, հավելյալ գործառույթ տեղափոխելու դեպքում խնդիր չենք ունենա, տարածքը մեծ է, կադրային ռեսուրսների առումով ամբողջ ծավալով ևս կարող ենք աշխատել»,-նշեց Շուշանիկ Ներսիսյանը:

Անդրադառնալով մաքսազերծման ծավալներին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ ամբողջ գործընթացը Գյումրի տեղափոխվելու դեպքում օրական հազար մեքենա կարող է մաքսազերծվել.  ներկայումս հենց այդքան մեքենա  հատում է սահմանը: «Սա նաև մեր Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի մեկնարկն է, իսկ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն նախատեսում ենք ունենալ 2-ը՝  հյուսիսում և հարավում»,- հավելեց նա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ