Մինչդեռ, հանրային համերաշխության խնդրի այդ նենգափոխումը ստեղծում է համերաշխության խիստ միակողմանի բանաձեւ: Ստացվում է, որ հանրությանն առաջարկում են վճարել իր իսկ ներկայացրած հաշիվը: Այն դեպքում, երբ նույն հանրությունն է մոտ երեք տասնամյակ փակել այդ համակարգի հարստանալու հաշիվը:

Ընդ որում, խորքային խնդիրն առաջանում է թերեւս նաեւ այնտեղ, որ նախկին իշխող համակարգը փորձում է գնալ նոր կառավարող ուժի հետ պայմանավորվելու ճանապարհով, դարձյալ՝ խորամանկորեն անտեսելով, կամ միամտաբար թյուր ընկալելով այն, որ համերաշխության խնդիրը հանրության հետ է, ըստ այդմ պետք է փնտրել հանրության, ոչ թե կառավարող նոր ուժի հետ պայմանավորվելու ուղի կամ բանաձեւ: Եվ այստեղ միակողմանի  առաջարկը հանրության համար դառնում է ոչ միայն անարդյունավետ, այլ նույնիսկ վիրավորական:

Այն դեպքում, երբ տրամաբանված եւ հավասարակշռված համերաշխության մոդելը կամ բանաձեւը ունի թերեւս հանրային ընդունելության մեծ շանս, քանի որ Հայաստանի քաղաքացիներն այդուհանդերձ միանգամայն ռացիոնալ են, որքան էլ նույն այդ նախկին համակարգը փորձում է տարաբնույթ խոսնակներով ստեղծել տպավորություն, թե հանրությունն «արյուն է ուզում»:

Հանրության այդպիսի ցանկության պարագայում Վերնատունն օրինակ հազիվ թե կարողանար համաժողով եւ հայտարարություն անել: Հանրությունը ուզում է ընդամենը, որ իրեն չդնեն հիմարի տեղ։

Նյութի աղբյուր՝ lragir.am