Սերժ Սարգսյանը տեղ չթողեց Գագիկ Ծառուկյանին. նոր քաղաքական խաղ

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կանչել են Մոսկվա, այսպես ասած, ընդդիմադիր ինստրուկտաժի համար: Ծառուկյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել «Եդինայա Ռոսիայի» պատգամավորների հետ:

Մինչ նա Մոսկվայում էր, Երևանում նրա խոսնակ, ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն չի միանա Վազգեն Մանուկյանի «Վերնատանը», քանի որ ունի իր սեփական օրակարգը: ԲՀԿ-ն անշուշտ հասկանում է, որ «Վերնատանը» միանալը նշանակելու է «ձուլվել», իսկ կուսակցությունը հավակնում է լինել Հայաստանում իշխանության գլխավոր այլընտրանքը կամ ընդդիմության առաջատարը:

Ընդ որում, այդ հարցում, իհարկե, ԲՀԿ համար գլխավոր մրցակիցը «Վերնատունը» չէ: Թեկուզ այն պարզ պատճառով, որ «Վերնատունը», մեծ հաշվով, ընդամենը հավաքատեղի է, որտեղ հենց միմյանց միջև դիրքային պայքար են մղելու ամենատարբեր ուժեր: ԲՀԿ գլխավոր մրցակիցը, դատելով նաև Սերժ Սարգսյանի ԵԺԿ համագումարում ունեցած ելույթից՝ ՀՀԿ-ն է: Այլ կերպ ասած, ԲՀԿ-ՀՀԿ դիմակայությունը շարունակվելու է նաև հեղափոխությունից հետո: Ընդ որում, դրա առաջին արարին հանրությունն ականատես եղավ դեռևս առաջին շաբաթներին, երբ դեռևս ՀՀԿ գերիշխող դիրքով խորհրդարանը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այդ քննարկումներում ԲՀԿ-ն հեղափոխությունը պաշտպանում էր ՀՀԿ-ից ավելի, քան կաներ «Քաղաքացիական պայմանագիրը»:

Մեծ հավանականությամբ, առաջիկայում սպասվում է երկրորդ և, ըստ ամենայնի, ավելի երկար արար, որտեղ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կփորձեն պարզել հարաբերություններ ընդդիմության առաջատարի համար պայքարում: Իհարկե, դա չի լինի ներքաղաքական կյանքի գլխավոր դիմակայությունը, սակայն կլինի հիմնական «մենամարտերից» մեկը, ընդ որում՝ բավականին նկատելի ընդգծվող նաև արտաքին քաղաքական վեկտորալ տարբերությամբ: Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարին մասնակցությամբ ու ելույթով որևէ այլ ուժի՝ իշխանությունից բացի, իհարկե, գործնականում տեղ չթողեց Հայաստանի ներքին կյանքում եվրոպական ուղղության վրա խաղալու համար: Ավելին, Գագիկ Ծառուկյանը, թերևս, ավելի մղվեց դեպի Ռուսաստան: Մի բան, որ Ծառուկյանը այդքան էլ չէր ցանկանա՝ ունենալով թե 2014-15-ի հայտնի փորձը և, թերևս, ոչ քաղցր փորձը, և միաժամանակ պատկերացնելով, որ Ռուսաստանից կարող են մղել դեպի Ռոբերտ Քոչարյան:

Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ