Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված Կարմիր գրքում ընդգրկված թռչուններ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված Կարմիր գրքում ընդգրկված թռչուններ։

Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվեց իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, ԲրդԼինքս Հայաստան ՀԿ, ինչպես նաև էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության (PEES) կենտրոնի համատեղ ու երկարատև համագործակցության արդյունքում։

Ամիսներ առաջ բնության մեջ տարատեսակ վնասվածքներ ստացած թռչուններին Տեսչական մարմնի աշխատակիցները տեղափոխել էին վերոհիշյալ վերականգնողական կենտրոն, որտեղ թռչունների խնամքը ստանձնել էին կենդանաբաններն ու անասնաբույժները։ Թռչուններին պարբերաբար այցելում և նրանց ապաքինման ընթացքին հետևում էին Տեսչական մարմնի աշխատակիցներն ու կենդանաբանները։

Լիովին կազդուրված և օղակավորված թռչուններին, ըստ կենդանաբանների եզրակացության, որոշվեց բաց թողնել բնություն Արարատյան դաշտում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում և Ախուրյանի շրջանում։ Կարմիր գրքում ընդգրկված տեսակի բաց թողնված թռչուններից են վարդագույն հավալուսնը, մորուքավոր անգղը, բվեճը և քարարծիվը։

Վերացող այս թռչնատեսակներից բացի, Տեսչական մարմինը և վերոնշյալ մասնագետների խումբը համապատասխան որոշում կայացրեց և կազմակերպեց նաև 1 սովորական ճուռակի ու 3 արագիլների բնություն վերադարձնելու գործընթացը։

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ