«Նիկոլ Փաշինյանը կընդունի որ սխալվել է…». Վարդան Ղուկասյան

Վախենում եք, որ ես դնեմ թեկնածությունս Գյումրու քաղաքապետի ընտրություններում ու անցնեմ, որովհետև 100 տարի է` սոցհարցումներ եք անում, ու գիտեք, որ իմ ռեյտինգը չի պակասում, ինչքան դնում եմ, անցնում եմ, դրա համար էլ հարձակվում եք: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Հանգիստ եղեք, չեմ դնելու, բայց ժողովուրդն ինձ ամեն րոպե ասում է` ինչի՞ ես մնացել, ինչի՞ ես մեզ թողել անտեր»,- ասաց պատգամավորը: Դիտարկմանը, թե իր այն հայտարարությունից հետո, որ իր` քաղաքապետ եղած ժամանակ Գյումրին եղել է ամենաոչկրիմինալ քաղաքը, մամուլում սկսել են շրջանառվել Գյումրիում կատարված դեպքերը, որոնք կապվում են Ղուկասյանի ու իր հարազատների հետ, պատգամավորն արձագանքեց, թե մամուլում շրջանառված դեպքերից ոչ մեկում իրեն առնչվող քրգործեր չեն եղել:

«Մի բան հասկացա` որ եթե որևէ մեկի հետևից ժողովուրդ է գնում, պետք է անպայման վարկաբեկեն, խայտառակեն»,- ասաց նա: Հարցին`ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունենալիս զրպարտու՞մ էր իրեն, Ղուկասյանը պատասխանեց. «Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգող եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է թե՝ միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է, ոչինչ: Ես իրեն լավն եմ ցանկանում»:

Նա նշեց, թե բոլոր դեպքերի վերաբերյալ իրավաբաններն ուսումնասիրություններ են անցկացրել, ինքն էլ արտոնյալ չի եղել, կարող են նորից ուսումնասիրել. «Ես պաշտոնապես հայտարարում եմ` թող իրավապահներն ի գիտություն ընդունեն»:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին, քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումներ արեց, սպառնաց ասֆալտին փռել և ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»:

Մանրամասները`  Factor.am-ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ