Եթե Ապրիլյան պատերազմը անակնկալ լիներ, Հայաստանում ռազմական դրություն կմտցվեր․․․

Այս օրերին կրկին արդիական դարձավ հարցը՝ արդյոք հայկական կողմի համար անակնկա՞լ է եղել ադրբեջանական հարձակումը, հաշվի առնելով փաստը, որ զոհերի մեծ մասը հայկական ԶՈՒ-ն տվել է պատերազմի առաջին օրը։

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը օրերս ասաց, թե Ապրիլյան պատերազմը անակնկալ էր ու այն, որ պատերազմից առաջ ադրբեջանական զորք էր կուտակվում սահմանին, պարտադիր չէ նշանակեր, թե ադրբեջանցիները մարտական գործողությունների են պատրաստվում: «Ես պնդում եմ, որ այո՛, հետախուզությունը չի ահազանգել հարձակման․․․ հարձակումը եղել է անակնկալ, հարձակումը անակնկալ բոլոր կողմերի համար․․․ բոլոր տիպի հետախուզությունների համար»,- ասաց Զաքարյանը։

Արձագանքելով այս հայտարարությանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ պատերազմի օրերին ռազմական դրություն, ինչպես և համազգային մոբիլիզացիա չհայտարարելը հիմք են տալիս կարծելու, որ Հայաստանի իշխանությունն իմացել է ադրբեջանական հարձակման մասին․ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վկայում է, որ Հայաստանը՝ քաղաքական, հետախուզական մակարդակով տեղեկացված է եղել հնարավոր հարձակումների մասին և ռազմական հետախուզությունը նույնպես տիրապետել է իրավիճակին։

Եթե անակնկալ լիներ, Հայաստանում ռազմական դրություն կմտցնեին, և մոբիլիզացիա կհայտարարվեր, եթե չի եղել, ուրեմն տեղեկացված են եղել։ Արտակ Զաքարյանը միգուցե ճշգրիտ չի գնահատում իրավիճակը։ Հակառակ դեպքում, պետք է պատասխանի՝ ինչո՞ւ ռազմական դրություն և մոբիլիզացիա չի հայտարարվել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ