««Վերնատունը» մերժվածների համախումբ է, ակնկալում են լափամանի վերադարձ» ․ Գայանե Աբրահամյան

– Տիկի՛ն Աբրահամյան, Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» ակումբն այսօր համաժողով անցկացրեց։ Ելույթները հիմնականում իշխանությանը քննադատող երանգներ ունեին: Եթե ընդհանրական դիտարկենք, դրանցից ստացվում էր, թե դրությունը երկրում տագնապահարույց է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս ակումբի ստեղծումը։

– Գուցե իրապես լավ էր այս ակումբի այսպիսի գործարկումը, որովհետև հստակեցնում է շատերի դիրքորոշումը, թե ո՞ր դիրքում են իրենք: Այնտեղ մարդիկ կային, որոնք ինձ համար մի քիչ նորություն էր, որ կարող են այդ դաշտում լինել: Սա լյուստրացիոն պրոցես էր, նույն կերպ լյուստրացիոն, որքան, օրինակ, Քոչարյանի վերաբերյալ հայտարարության տակ ստորագրողների գործընթացը։

Իսկ այն, որ, իրենց կարծիքով, երկրում ընդհանրապես տագնապահարույց է իրավիճակը, իրենց համար, այո՛, տագնապահարույց է։ Եթե հեղափոխությունից հետո ընդամենն ամիսների ընթացքում հանգիստ, ջրի տակ փորձում էին հասկանալ՝ ինչ է կատարվում և հույս ունեին, որ այս ամենը ժամանակավոր է, նոր կառավարությունը տապալվելու է և այլն, հիմա ԱԺ-ում քվեարկության է դրված Հայաստանի պատմության մեջ առաջին բյուջեն, որը ամենամեծ բյուջեն է, և այս կառավարության գործունեության ընդամենը մեկ տարվա ընթացքում հնարավոր դարձավ բյուջեն 27%-ով ավելացնել, ինչն աննախադեպ է: Իրենք, իհարկե, տագնապի մեջ են, և այսօրվա հավաքն այդ տագնապի դրսևորումներից մեկն էր։ Լավ է, երբ մարդիկ հստակեցնում են իրենց դիրքերը, և մենք էլ կիմանանք, թե որն է իրենց արձագանքման դիրքերը։

– Վազգեն Մանուկյանը չբացահայտեց ակումբի ֆինանսական հոսքերը:

– Ինձ թվում է՝ երբեք էլ հստակ չի լինի և, ընդհանրապես, ցավալի է, որ մարդիկ, որոնք նախկինում ՀԿ-ներին, լրատվամիջոցներին, որոնք իսկապես անկախ են քաղաքական շահից, նրանց անվանում են գրանտակերներ, անհասկանալի է՝ ինչ գործունեություն են ծավալում և հատկապես այսօր պետությանն ի՞նչ վնասակարության գործ կարող են իրականացնել, թաքցնում են իրենց ֆինանսները։ Եկեք ազնիվ լինենք և փորձենք ազնվորեն թափանցիկ դաշտում աշխատել։ Իրենք այդ դաշտում չեն լինի, որովհետև հստակ թաքցնելու բան ունեն: Դիկտատուրայից և 37 թվից խոսող մարդիկ այսօր կարող են վարձակալել Հայաստանի ամենամեծ դահլիճը, որը շատ ՀԿ-ների հասանելի չէ, կարող են ապահովել ամենալայն լուսաբանում իրենց միջոցառման և թաքցնել իրենց ֆինանսական միջոցները: Եթե սա 37 թիվ է իրենց պատկերացմամբ, ապա ո՞րն է իրական 37 թիվն ընդհանրապես։

– Աղվան Վարդանյանը, օրինակ, ասում է՝ իշխանությունից դուրս կա 5-6 ուժ, որոնց մտահոգությունները նույնն են, չի բացառում հետագայում մեկ օրակարգի ներքո համախմբումը։ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնեմ, խոստացել էր, որ աշնանը հզոր ընդդիմադիր շարժում կլինի։ Ի՞նչ ասելիք ունեն այդ ուժերը։

– Աղվան Վարդանյանը հատկապես կարող է համախմբվել մեկ օրակարգի շուրջ՝ փորձելով հասկանալ իր սխալները։ Եթե այսօր վերանայենք և, հատկապես, երեկվա ֆոնին մանկատան որդեգրման կարգի վերաբերյալ, որդեգրման մի սարսափելի պատմություն, այն, ինչ կատարվել է 2007-2009 թվականներին, հենց այդ՝ Աղվան Վարդանյանի նախարար եղած ժամանակ մանկատան շրջանավարտների բնակարանների պրոցեսում ի՞նչ կոռուպցիոն խնդիրներ են ծագել, ա՛յ այդ օրակարգի շուրջ պետք է կենտրոնանան։ Եվ ես կարծում եմ՝ շուտով նաև այդ օրակարգը կբարձրաձայնենք։ Այն, ինչ տեղի է ունեցել այդ ժամանակահատվածում, և որևէ մեկը դուրս չեկավ Դաշնակցությունից և պահանջի, թե սա ինչ է, ինչպես կարելի է մանկատան շրջանավարտների օրահացը մսխել։ Ինձ հայտնի են փաստեր, և ես կարծում եմ՝ այդ փաստերը նորից պետք է վերհանել և քննել։

– Նկատենք, որ ակումբի աշխատանքներին մասնակցում էին հիմնականում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի համախոհները, նրանց իշխանության մաս կազմածները։ Միքայել Մինասյանը, օրինակ, կոչ էր արել միանալ «Վերնատանը»։ Ի՞նչն է դրդել համախմբել Ձեր իշխանության դեմ։

– Ես ուղղակի անվանել էի մերժվածների ակումբ։ Ինձ համար վիրավորական է և պետք է զերծ մնալ «Վերնատուն» անունից, որը մեզ համար պատմական արժեք ունի։ Թումանյանական «Վերնատան» անունը կիրառելը նման ակումբի համար ուղղակի անարգանք է այդ պատմական արժեքի նկատմամբ։ «Վերնատան» անդամներին մերժված լինելն է միավորում և այն ամբողջ կոռուպցիոն համակարգը, որի մեջ իրենք շատ լավ են զգացել։ Ինչպես մեկ-երկու օր առաջ հարց-պատասխանի ժամանակ վարչապետը նշեց՝ լափամանից զրկվածների համախումբ է, որոնք ակնկալում են լափամանի վերադարձ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ