«Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քննադատություններին, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծում ցածր՝ 4.9 տոկոս տնտեսական աճի կանխատեսում է դրված:

«Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ 2019 թվականի բյուջեի նախագծում էլ է դրված եղել 4.9 տոկոս տնտեսական աճ: Իսկ այսօր՝ 2019 թվականի նոյեմբերին ո՞վ է խոսում 4.9 տոկոս տնտեսական աճի մասին, ոչ ոք, որովհետև 4.9 տոկոս տնտեսական աճը Հայաստանի համար աբսուրդ է:

«Այսօր բոլոր կանխատեսումներով 2019 թվականի տնտեսական աճը 6 տոկոսը կգերազանցի, լավատեսական ցուցանիշներով կհասնի 7 տոկոսի»,- ասաց Փաշինանը: Ըստ նրա՝ բյուջեն ունի պլան մինիմում և պլան մաքսիմում:

«Մեր ռազմավարական տեսլականը երկնիշ տնետսական աճին հասնելն է: Այսօր ինչո՞ւ չենք կարողանում հասնել երկնիշ տնտեսական աճի: Ամենամեծ պրոբլեմը մեր ունեցած կապիտալ ծախսերի ոլորտում ունեցած պրոբլեմն է»,- ասաց նա, հավելելով, որ կապիտալ ծախսերի թերակատարումը Հայաստանում եղել է խրոնիկ պրոբլեմ, հիմա խորացել է, որովհետև իրենք համաձայն չեն ատկատներով աշխատել:

«Եվ մենք այդ փողերը չծախսելով՝ այսօր խոսում ենք 6-ից բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին: Այո, մենք ինքներս մեր ցուցանիշները վատացնում ենք, որովհետև լավացնում ենք որակը, մենք չենք գնում այսօրվա ցուցանիշի հետևից, մենք վաղվա ցուցանիշի հետևից ենք գնում: Որ պահին մենք կապիտալ ծախսերի որակն ու ծավալը նույնականացրինք, դա այն կետն է, որ հասնելու ենք երկնիշ տնտեսական աճի»,- հայտարարեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ