Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարաններ կտրամադրվեն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծել՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ասաց, որ նախագծի նպատակը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 227 ընտանիքների բնակարականային խնդրի լուծումն է՝ Արագածոտնի, Շիրակի ու Լոռու մարզի գյուղական բնակավայրերում։ Այդ ընտանիքների բնակարանային հարցը որոշվել է լուծել 2020 թվականին։

Վերոնշյալ ընտանիքները հարցումների արդյունքում նախընտրել են բնակարանների գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը։ Ըստ Ղուլարյանի՝ նախագծով նախատեսված է ԲԳՎ տրամադրել այդ ընտանիքներին, այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից խնդրի լուծմանը կուղղվի 1 մլրդ 291 մլն 600 հազար դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցի համատեքստում մի քանի արձանագրում պետք է անել։

«Նախ եկեք արձանագրենք, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում կա երկրաշարժից տուժած 453 ընտանիք, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, այդ պարտավորությունը դե յուրե արձանագրված է։ Մենք քաղաքական խնդիր էինք դրել, որ հնարավորինս արագ լուծեինք մեր հայրենակիցների հարցը, նաև 2020 բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները մոտ վեց անգամ ավելացրել ենք։

Մյուս տարի նախատեսված է 3 մլրդ դրամ այդ նպատակի համար։ Երբ քննարկվում էր 453 շահառուների հարցը, խորհրդակցության մասնակցիներից ոմանք պնդում էին, որ այս քաղաքացիների խնդիրը ԲԳՎ-ներով լուծել չի լինի, որովհետև հիմնականում գյուղական բնակավայերում ապրող են։ Նրանք կնախընտրեն, որ շինարարության տարբերակով լուծենք։ Մենք որոշեցինք՝ եկեք իրենց հարցնենք, և արդյունքները սենսացիոն են, ըստ էության այդ քաղաքացիների ուղիղ կեսը ցանկություն  է հայտնել, որպեսզի ԲԳվ-ով ձեռք բերի բնակարան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ հաջորդ արձանագրումն այն է, որ վերջին տարիներին աղետից տուժած ընտանիքներին բնակարաններով ապահովելու տեմպը մոտավորպես եղել է տարեկան 40-45 ընտանիք։ Այս որոշմամբ կառավարությունն այդ տեմպն առնվազն 4-5 անգամ ավելացնում է, ասաց Փաշինյանը։

Եթե վերոնշյալ ընտանիքներն ապահովվում են ԲԳՎ-ներոով, ապա ստացվում է, որ այս պահին 226 ընտանիքի նկատմամբ է կառավարության պարտավորությունը, և կա շանս, որ հաջորդ տարի կառավարությունն այս հարցը վերջնական կլուծի, ասաց Փաշինյանը։ Նա այս համատեքստում բարձրացրեց այդ ընտանիքների տնակների ապամոնտաժման հարցը։ Արմեն Ղուլարյանն ասաց, որ գումարը տրվելու է միայն ժամանակավոր կացարանն ազատելու ու տնակը քանդելու դեպքում։

«Սա շատ կարևոր է, մենք ունեցել ենք դեպքեր, երբ  մարդիկ տնակը վարձով էին տալիս, այդ երևույթը Գյումրիի զարգացմանը խոչընդոտող գործոն է»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ