Ինչ արեց Թուրքիան. հայ-ամերիկյան հարաբերությունների մեջտեղում

Ես ձեր մեծ երկրպագուն եմ, Թուրքիայի նախագահ Էրդողանին ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը, ընդունելով նրան Վաշինգտոնում: Թուրք-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման թուրքական արդյունքներից մեկն այն է, որ Էրդողանի հետ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է Սենատում հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը արգելափակելու մասին:

Գրեհեմը հայտարարել է, թե կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիան լավագույնս կարող են լուծել իրենց հարցերը: Սենատի բանաձևի նկատմամբ հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացել հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում համանման բանաձևի ընդունման ակտից հետո: Սենատում փաստորեն բանաձևն արգելափակվեց: Ասել, թե դա էր Էրդողանի այցի գլխավոր նպատակը, թերևս կլինի սխալ, բայց ակնառու է նաև, որ ԱՄՆ բանաձևն օգտագործել է այցի համար Էրդողանից իր համար ցանկալի արդյունք կորզելու նպատակով, ու եթե հանրապետական սենատորն արգելափակել է հայկական բանաձևը, ուրեմն արդյունքը կորզված է:

Միևնույն ժամանակ, մեծ հաշվով պետք չէր պատրանք ունենալ, որ Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևը շղթայական ռեակցիայով հասնելու էր մինչև Սպիտակ տուն: Այսինքն, Ներկայացուցիչների պալատում կատարված ճանաչումն ինքնին ունի իր քաղաքական ուրույն նշանակությունն ու արժեքը, որը Սենատի բանաձևի արգելափակումով իհարկե չի ավելանում, ընդլայնվում, սակայն չի էլ նվազում, որովհետև ամենևին պայմանավորված չէր Սենատում շարունակությամբ: Պարզապես պետք է արձանագրել, որ հայկական հարցում ԱՄՆ-ն բարձրացավ մեկ աստիճան վերև և Թուրքիայի հետ հարաբերություններում հարցն այլևս ավելի նշանակալի դիրքում է: Ինչպես է Հայաստանը կարողացել օգտագործել այդ նոր իրավիճակը, սա է հարցը, և սա է եղել հարցը մեզ համար միշտ էլ:

Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահի ամերիկյան այցի մեկնարկին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը բոլոր ուղղություններով արձանագրում է արտաքին քաղաքականության կայուն արդյունավետություն, իսկ հայ-ամերիկյան հարաբերությունում էլ կողմերը մոտ են շատ կարևոր մի ճեղքման:

Ինչի մասին է խոսքը հատկապես, Նիկոլ Փաշինյանն առայժմ չի մանրամասնել: Կապ ունի՞ արդյոք այդ ճեղքումը հայկական հարցի հետ, որևէ կերպ: Եվ ի՞նչ վիճակում է հայ-ամերիկյան հնարավոր կամ մոտալուտ կարևոր ճեղքումը թուրք-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման արդյունքում: Էրդողանի ամերիկյան այցով և Թրամփի հետ բանակցությամբ, առավել ևս հայկական բանաձևի Սենատում արգելափակման իրողության ֆոնին, որևէ ազդեցության ենթարկվե՞լ է հայ-ամերիկյան հնարավոր ճեղքման հեռանկարը՝ վատ, թե լավ: Թե այն առնչվում է հարցի, որը ոչ մի կերպ չի առնչվում հայկական հարցի և թուրք-ամերիկյան երկխոսության հարաբերակցությանը:

Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ