Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով թե՛ ռուսական, թե՛ հայկական դիվանագիտական աղբյուրներին, նշում են, որ Հայաստանը և Ռուսաստանը հետաձգել են կենսալաբորատորիաների վերաբերյալ հուշագիրը։ Ըստ այդ հուշագրի՝ ռուս մասնագետները հասանելիություն են ստանալու Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող Պենտագոնի մասնակցությամբ Հայաստանում գործող կենսալաբորատորիաներում։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ փաստաթուղթը դեռ պատրաստ չէ։ Ինչի՞ մասին է սա խոսում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․ «Նախ ուզում եմ ասել, որ, այո, Լավրովի այցելության ժամանակ այն Ռուսաստանի համար կարևոր խնդիրներ էր, և այն, ի վերջո, մեր երկրի սուվերենության տարրերից մեկն է։
Այդ լաբորատորիաներն ամերիակացիները կառուցել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ղազախստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, կարծեմ նույնիսկ Ադրբեջանում։ Այդ լաբորատորիաները շատ կարևոր են, որովհետև կենսաբանական զենքի կիրառումը լրջագույն հանցագործություն է համարվում ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից, եթե դու չունես համապատասխան լաբորատորիաները, քեզնից չեն վախենում։
Կենսաբանական զենքի ուժն ու վտանգը բոլորս հասկանում ենք, ու այդ լաբորատորիաները ամերիկացիները կառուցում են, որովհետև, եթե երկիրն ունի այսպիսի լաբորատորիաներ, ապա նրա դեմ քիմիական զենքի կիրառումը քիչ հավանական է։ Քանի որ երկիրը կարող է և՛ իրեն պաշտպանել, և՛ հակահարված հասցնել։
Այնպես որ, եթե այդ լաբորատորիաները տանք Ռուսաստանին, ապա ոչ միայն կփչացնենք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, այլ նաև հարված կհասցնենք մեր սուվերենությանը։ Եվ ես ողջունում եմ, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվել։ Ամեն դեպքում պարզ է, որ Ռուսաստանը չի ուզում, որպեսզի ԱՄՆ-ն այստեղ գործունեություն ունենա, քայլ առ քայլ նրանք գնում են նրան, որ մեր տարածաշրջանում, և նաև Հայաստանում, Միացյալ Նահանգների դերը փոքրանա։ Դա է պատճառը, որ նրանք ուզում են վերացնել նաև այս գործոնը։ Վերահսկելով այդ պրոցեսը, նրանք կվերացնեն այդ գործոնը»։