ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովի դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, ասաց.
«Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թ. ես պաշտոնական այց կկատարեմ ՌԴ, իսկ ՌԴ նախագահը կամ 2020 թ. երկորրդ, կամ 2021 թ առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ: Ես ուզում եմ այս հարցերին պատասխանել հնարավորինս դիվանագիտական անորոշ ձևակերպումներից դուրս, շատ ուղիղ:
Ինչպես ԼՂ հարցի կարգավորման պարագայում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցեր են ծագել, այդ թվում ՌԴ-ում, այդ բոլոր հարցերը, եկեք՝ արձանագրենք, ծագել են բոլոր ոլորտներում, ոչ մեկի կողմից դա կանխատեսված չի եղել, հետևաբար խիստ բնական է, որ այդ հարցերը ծագել են էլի նույն համատեքստում: Այս ինտենսիվությունը որ կա, կար նաև վերջին մեկուկես տարվա ընթացքում: 2018 թ. արդյունքներով իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն էլի աննախադեպ դինամիկա ունեին»:
Փաշինյանի կարծիքով՝ ժամանակի ընթացքում հարցերը պատասխաններ են ստանում, ընդ որում՝ դրանք նաև որոշակիորեն ընկալելու, դրանց խորությունը և անկեղծությունը կշռելու, հասկանալու խնդիր կա երկուստեք, պարզապես հարցերի պատասխանը նաև ժամանակով է քննվում: